ԿարևորՔաղաքական

«Մարսել» Քիշնևը Վաշինգտոնից առաջ․ հնգակողմ հանդիպման արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման միջնորդներն ու բանակցությունների մասնակիցներն արդեն կազմել են առաջիկա հանդիպումների ժամանակացույցը։ Քիշնևին հաջորդում  է Մոսկվան, որտեղ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային եռակողմ խմբի հանդիպումն է։ Դրան հաջորդելու է հունիսի 12–ից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԱՄՆ–ում՝ Վաշինգտոնում։ Հուլիսի 21–ին էլ Բրյուսելում նշանակված է հերթական եռակողմ՝ Փաշինյան–Ալիև–Միշել հանդիպումը։ Իսկ նախօրեին Քիշնևում նաև հայտնի դարձավ, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Իսպանիայում աշնանը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ այդ միջոցառման շրջանակում հնգակողմ հանդիպման հրավեր է ուղարկելու կողմերին։  

Քիշնևից Ադրբեջանի ակնկալիքը «Խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրումն էր, մինչդեռ Հայաստանը պնդում էր, որ ստորագրման համար փաստաթուղթը պատրաստ կլինի, երբ կհասցեագրվեն խնդրահարույց բոլոր հարցերը։ Արդեն փաստ է, որ Քիշնևը բանակցային գործընթացին որևէ փաստաթուղթ չտվեց։ Չնայած դրան հայաստանյան մամուլում տեղեկություն է տարածվել, թե կառավարություն ներկայացված փաստաթուղթ կա, «Խաղաղության պայմանագրի» 120 էջանոց նախագիծ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշում է․

«Ես տեսել եմ այդ  տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացնում։ Դա աբսուրդ է, սուտ, կեղծիք»։  

Արայիկ Հարությունյանը տեղյակ է, թե ինչ հարցերի շուրջ կողմերին դեռ չի հաջողվում հասնել համաձայնության, բայց

«Դրանք բանակցությունների հարց են և կբացահայտվեն, երբ բանակցությունները կավարտվեն։ Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ հնգակողմ ձևաչափով հանդիպումը կայացավ։ Դուք գիտեք, որ մենք անընդհատ խոսում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել միջազգային կազմակերպությունները և մեր գործընկեր երկրները պետք է առնվազն պայմանական ասած երաշխավոր լինեն, որ դրանք կայանան և գերմանիայի ու Ֆրանսիայի պես մեծ երկրների ներգրավումը այդ ձևաչափերում կարևոր է»։

Քիշնևյան հնգակողմ հանդիպումից հետո արդեն կա դժգոհություն Ադրբեջանի կողմից, Հայաստանի կողմից գնահատում՝ նպատակին հասնելու ճանապարհին ևս մեկ քայլ անելու վերաբերյալ և կան տպավորություններ, որոնք դեռ պետք է վերլուծվեն։ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը դեռ վաղ է համարել գնահատել հնգակողմ հանդիպումը։  

«Ինչ պետք է ասեմ նախնական է, որովհետև հանդիպումները սովորաբար առաջին տպավորություններից հետո գալիս է երկրորդը, երրորդը, հետո տեսնում ենք դա տեղում, «գետնի վրա» ինչ ազդեցություն է թողնում և ըստ այդմ ենք ամբողջական գնահատում։ Բայց շատ նախնական մի դետակլ կա, որը կարևոր է։ Ինչի ասում նախնական, որովհետև պետք է ստուգենք նաև Ադրբեջանի արձագանքը հանդիպմանը։ Կարծես թե կողմերը ընդգծեցին, որ դեմ չեն, որ հետագա սահմանագծման աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։ Սա նշանակում է ևս մեկ քայլ վերահաստատելու 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը»։

Պաշտոնական Բաքվի արձագանքը որոշ չափով հայտնի է։ Ադրբեջանը հանդիպման մասին որևէ հայտարարություն չի տարածել, բայց նորից դժգոհել է Ֆրանսիայի միջնորդությունից և հանդիպումից հետո արված հայտարարություններից։ Մինչդեռ Մակրոնի ու օրինակ Շառլ Միշելի հայտարարություններում միմյանց հակասող կամ չհամապատասխանող դրույթներ չեն եղել։

Իսկ իրականում Ելիսեյան պալատը հիմնականում արձանագրել է, որ եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ իրենց ստանձնած բոլոր պարտավորություններին, մասնավորապես՝ հնարավորինս կարճ ժամկետներում ազատ արձակել ռազմագերիներն: Նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Ըստ պաշտոնական Փարիզի՝ կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը։ Էմանուել Մակրոնը կոչ է արել զերծ մնալ թշնամական ցանկացած հռետորաբանությունից և շեշտել խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։

Հայաստանի բանակցային սկզբունքները հայկական կողմը բազմիցս նշել է։ Այս անգամ վարչապետն անկեղծացել է և Մոլդովայում բացատրել, թե ինչի համար է անում այդ ամենը։

«Ես շատ ուզում եմ, որ որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական։ Սա չի նշանակում, որ սա կգոհացնի բոլորին, բայց մյուս կողմից էլ սա կգոհացնի բոլորին, որովհետև նախ մենք պետք է ճշտենք, թե ինչ նպատակ ունի ՀՀ–ն։ Երկու անգամ մենք ՀՀ ենք հիմնադրել և երկու անգամ էլ ՀՀ–ն որոշակիորեն ընկալվել է որպես գործիք ավելի մեծ նպատակի համար։ Բայց մեր պատմության մեջ ՀՀ–ն ինքը որպես նպատակ կամ չի եղել, կամ շատ քիչ է եղել»։

Հայաստանի կադաստրի մասին թեզը վարչապետ Փաշինյանը նոր է դնում շրջանառության մեջ։ Խորհրդարանական ընդդիմությունից Արթուր Խաչատրյանը այսպիսի դատողությունները հիմազնուրկ է համարում։

«Նման բան ընդհանրապես գոյություն չունի։ Տեսեք, Հայաստանը ճանաչել է Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությունը և Արգենտինայի տարաքային ամբողջականությունը։ Հիմա այդ երկու երկրները վիճում են, թե Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինայի՞ն, թե՞ Միացյալ Թագավորությանը։ Այսինքն՝ պետությունները, որ իրար տարածքային ամբողջականությունը ճանաչում են քառակուսի կիլոմետրերով չեն խոսում։ Դա էլ է, գիտեք, աճպարարություն, որ ասում են Ալմաթիի Հռչակագրով վարչական սահմանները դարձան պետական սահմաններ։ Եթե այդպիսի բան լիներ Հայաստանի և Վրաստանի միջև էլ սահմանազատման և սահմանագծման հարց, Վրաստանի և Ադրբեջանի միջև էլ չէր լինի։ Ադրբեջանը և Ռուսաստանը սահմանագծումը և սահմանազատումը վերջացրել են 2010 թվականին։ Դա միջպետական փաստաթղթերի շատ յուրօրինակ մեկնաբանություն է, որը Ադրբեջանի շահերից է բխում»։

Կանխելով հնարավոր կասկածները՝ դեռ Քիշնևում վարչապետ Փաշինյանը անդրադարձավ Ադրբեջանի հետ բանակցություններում իր որդեգրած փափուկ քաղաքականությանը։ Հիմնավորեց, որ այդ կերպ փորձում է կանխել բանակցություններից հրաժարվելու կամ խուսափելու հնարավորությունները։

«Հարցեր կան, որոնց շուրջ արհեստական և՛ ներքին, և՛ արտաքին լարվածություն է ստեղծվում, լարում, լարում, լարում, լարում, որպեսզի վերջում պայթյուն տեղի ունենա։ Մեր խնդիրն է այնպես անել, որ պայթյուն տեղի չունենա։ Ինչը հեշտ չի»։

Մի լարման մասին էլ վարչապետը խոսել է CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Խոսքը Ռուսաստանի հետ համագործակցության, անվտանգության տեսանկյունից նրանից կախվածության մեջ գտնվելու մասին է։  Այդ համատեքստում Փաշինյանը հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում։

Ըստ վարչապետի՝ կատարվածն առաջին հերթին հարվածում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հեղինակությանը: Ենթադրում է, որ դա նաև հենց իր՝ կազմակերպության համար որոշակի հետևանքներ կունենա:

Back to top button