ԿարևորՄշակույթ

Արամ Խաչատրյանին նվիրված հոբելյանական միջոցառումներն ունեն ռազմավարական նշանակություն․ Արա Խզմալյան

Տարին Խաչատրյանական է։ Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ անցկացվելու են մի շարք համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Դրանց կազմակերպման համար պատասխանատու մի խումբ պաշտոնյաներ այսօր հանդիպել են լրագրողների հետ, մանրամասներ ներկայացրել նախատեսվող միջոցառումների մասին։

Ինչպես անել, որ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը, նրա արվեստը լսելի լինի աշխարհում: ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը կարծում է, որ լրջագույն աշխատանք պետք է տարվի Խաչատրյանի երաժշտությունը վերաիմաստավորելու, միջազգայնորեն դիրքավորելու համար: Խաչատրյանական տարվա միջոցառումների համար կառավարությունը ավելի քան 530 մլն դրամ է հատկացրել: Համերգների աշխարհագրությունը լայն է՝ Վրաստան, Միացյալ Նահանգներ, Կանադա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա: ԿԳՄՍ փոխնախարարը ընդգծում է, որ Արամ Խաչատրյանի մասին շատ քիչ նյութ է հրատարակվել օտար լեզուներով: Հիմնական գրականությունը ռուսերեն է․

«Ինձ համար Արամ Խաչատրյանն ազգային արժանապատվության, շիտակ մեջքի, անսպառ լավատեսության և հայ ազգի այն մեծ բնազդի բարձրագույն դրսևորումն է, որ ես կանվանեմ կենսասիրություն»:

Հունիսի 5-ին՝ կոմպոզիտորի ծննդյան նախօրեին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կբացի հոբելյանական համերգների շարքը:

Նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյան․ «Առաջին համերգը կղեկավարի Ջորջ Փեհլիվանյանը: Կհնչեն կոմպոզիտորի «Թիվ 2 սիմֆոնիան», հատվածներ «Սպարտակ» բալետից և «Հանդիսավոր պոեմը»:

Այնուհետև համերգասրահի տանիքում առաջին անգամ նաև բացօթյա համերգ տեղի կունենա, որտեղ կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները՝ Վահագն Հայրապետյան ջազ քառյակի մատուցմամբ:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնը հունիսի 6-8-ը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Թումանյանի այգում հանդես կգա բացօթյա ներկայացումներով: Կներկայացվեն «Գայանե», «Դիմակահանդես» և «Սյուիտ Սպարտակ» բալետները: Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը հետաքրքիր տարի է խոստանում։ Բայց նաև շեշտում է, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը քիչ է տարածվում։ Կոմպոզիտորն ունի գործեր, որոնք շատ քիչ են հնչել, կամ չեն հնչել ընդհանրապես․

«Խորհրդային տարիներին Արամ Խաչատրյանը հանճարների եռյակում է եղել՝ Դմիտրի Շոստակովիչ, Սերգեյ Պրոկոֆև և Արամ Խաչատրյան: Իր ուրույն ձեռագիրն ունեցող կոմպոզիտոր է, որը նման չէ որևէ մեկին: Եթե մենք ամբողջ աշխարհի համերգասրահներից հանենք 20-րդ դարը, եթե չհնչեցնենք Շոստակովիչ, Պրոկոֆև, Ստրավինսկի, Ռախմանինով, 20-րդ դարի ռուսական դպրոցը հանենք, մենք գրեթե ոչինչ չենք ունենա, բայց, ցավոք, Խաչատրյանի երեք սիմֆոնիաները քիչ են կատարում»:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում նաև Միջազգային համաժողով է հրավիրվելու, անգլերենով լույս է ընծայվելու կոմպոզիտորի նամականին։

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյան․ «Երեկ եմ վերադարձել Ռուսաստանի տարբեր քաղաքներում մեծ շրջագայությունից, որտեղ մասնակցել ենք Խաչատրյանին նվիրված փառատոների ու համերգների: Երեք երեկո նվիրված էր նրա կամերային ժառանգությանը, որը արժեքավոր է ու հետաքրքիր։ Իսկ Պերմում, որտեղ Խաչատրյանը գրել է «Գայանե» բալետը, քաղաքի ամենահին ու կենտրոնական երաժշտական դպրոցը անվանակոչվել է Խաչատրյանի անունով»:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության Ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ հիմնականում Արամ Խաչատրյանի կամերային գործերն են կատարելու․

«Հունիսի 14-ին կհնչի կոմպոզիտորի «Դաշնամուրային կոնցերտը»՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի մատուցմամբ, իսկ հունիսի 29-ին կլինի համերգ՝ նվիրված Խաչատրյանի գործերի փոխադրումներին՝ կամերային երգչախմբի համար, մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կլինեն փոխադրումների պրեմիերաներ, որ անվանել են «Խաչատրյան ֆանտազիա»:

Արամ Խաչատրյանին նվիրված հոբելյանական միջոցառումներն ունեն ռազմավարական նշանակություն՝ կարծում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

Back to top button