Երաժշտական եռանկյունի

Վահե Բեգոյանի «Հոգու ճանապարհը»․ «Երաժշտական եռանկյունի»

Ավելի քան մեկ տարի առաջ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի հիմնադիր և դիրիժոր Վահե Բեգոյանի հետ զրուցել էինք Կոմիտասյան պատարագի, հոգևոր երաժշտության նշանակության և նրա հասարակական  դերի մասին:

Մեր այս զրույցի թեման հանդիսացավ հայկական հոգևոր երաժշտության, աստվածաբանության և փիլիսոփայության հիմնաքարերից մեկը՝ Գրիգոր Նարեկացին, ում երաժշտական ժառանգությունը աննախադեպ է բնույթով և ձևով:

Այն առանձնանում է ոչ միայն Նարեկացուն բնորոշ տեքստային խորությամբ և բովանդակությամբ, այլ նաև երաժշտական բացառիկ դարձվածքների յուրօրինակությամբ:

Նարեկացու տաղերը համարվում են հայ հոգևոր երաժշտության գլուխգործոցներ և հանդիսանում են որպես ազգային գանձ:

Մեր հանդիպման բուն առիթը դարձավ վերջերս նկարահանված «Տաղ՝ հոգու ճանապարհ» երաժշտական ֆիլմը, որի հիմքում են Նարեկացու տաղերը՝ Վահե Բեգոյանի կատարմամբ:

«Տարիներ առաջ «Վերածնունդ» հիմնադրամի առաջարկով ես ձայնագրել էի Նարեկացու 5 տաղերը, և կարծես հետագա տարիների ընթացքում հասունացավ ֆիլմի գաղափարը, որի սցենարի համահեղինակը նույնպես ես եմ: Նպատակն էր ներկայացնել Նարեկացու ստեղծածը՝ համարժեք գեղագիտական համաչափության և մերօրյա իրականության առերեսման համատեքստում»,-ասում է Վահե Բեգոյանը:

Հրավիրվեցին հանրաճանաչ դերասաններ, որոնք ընթերցում էին Նարեկացու տաղերը աշխարհաբար թարգմանությամբ՝ ստեղծելով այն բովանդակային կամուրջը, որի միջոցով Նարեկացու ստեղծագործության խորհուրդը փոխանցվում էր մերօրյա իրականությանը և հաղորդակցման միջոց հանդիսանում ժամանակակից դիտողի համար: Հենց այս ժամանակային խաչմերուկի վրա էլ կառուցվում է ֆիլմի խորհրդավոր, էզոթերիկ նշանաբանությամբ լի գեղագիտական կոնցեպտը, որին մինչև վերջ հավատարիմ է մնում ֆիլմի ռեժիսոր Վահե Յանը:

Ֆիլմն ընդգրկում է, ինչպես ասացինք, Նարեկացու հինգ տաղերը և Նարեկյան ժամանակաշրջանի ևս երկու անանուն տաղ:

ֆիլմում Նարեկացու կերպարը մարմնավարող դերակատարը ինքը՝ Վահե Բեգոյանն է: Բնականաբար մեր զրույցի կենտրոնում Նարեկացու երաժշտությունն է, որի նշանակությունն ու անհրաժեշտությունը մերօրյա աղավաղված և հաճախ՝ գորշ երաժշտական բնապատկերի մեջ դառնում է առավել կարևորված և հանդիսանում է այդ իրականությանը հակազդելու և շտկելու հնարավորություններից մեկը:

Հայկական հոգևոր երաժշտությունն այն բացարձակ լծակներից է, որը կարող է շտկել հանրային պատկերացումները սեփական ինքնության վերաբերյալ, լցնել բովանդակությամբ հոգևոր դատարկությունը, ստեղծել անաղարտ ազգային մշակույթի հետ կայուն կապ:

Այդ առումով վերջերս կայացած ֆիլմի առաջնադիտումը և դրան հաջորդող՝ շաբաթներ տևող ցուցադրությունը մայրաքաղաքում, մարզերում և Արցախում, բերում են այն համոզմանը, որ հասարակության հոգևոր քաղցը և ազգային մշակույթի հետ հաղորդակցվելու ներքին գիտակցումը հույսի ներշնչանք են հաղորդում հատկապես նոր սերնդին:

Հաղորդման ընթացքում առաջին անգամ Հանրային ռադիոյի եթերում հնչում են Վահե Բեգոյանի կատարմամբ Գրիգոր Նարեկացու տաղերը:

Back to top button