ԿարևորՀասարակություն

Որ մոր ու մանկան մահացությունը նվազի․ Երևանը Պտղի բժշկության կենտրոն կունենա

Մինչև 2025 թվականը հայ-հունական ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում Պտղի բժշկության կենտրոն հիմնել։ Այստեղ կկազմակերպվեն հղիների մասնագիտական բուժում՝ մանկական և մայրական մահացության ցուցանիշերը նվազագույնի հասցնելու համար։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։

Առողջապահության ոլորտում հայ–հունական համագործակցության կամուրջներն արդեն պատրաստ են։ Հունական կողմի աջակցությամբ առայժմ Երևանում, ապա նաև Հայաստանի այլ բնակավայրերում Պտղի բժշկության կենտրոններ են ստեղծվելու։ Նպատակն է՝ խթանել հղի կանանց մասնագիտացված խնամքը, նվազագույնի հասցնել թե՛ մայրական, թե՛ մանկական մահացությունը, ասել է Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը։ Մեկնարկման փուլում են մասնագետների վերապատրաստման դասընթացները․

«Հունական կողմը մեզ տրամադրել է դասընթացավարներ, որոնք մայիսի վերջին Հայաստանում էին։ Հունաստանը նաև մեզ նվիրաբերեց գերժամանակակից ուլտրաձայնային երկու սարք։ Առաջիկայում դասընթացները կշարունակվեն»։

Պտղի բժշկության առաջին կենտրոնը կբացվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, հետագայում նաև այլ բժշկական կենտրոններում։ Մասնագետները պտղի բժշկության լիարժեք մասնագիտացման համար երկամյա ծրագրով Հայաստանից վերապատրաստման կմեկնեն Մեծ Բրիտանիա։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Կարեն Ջուլակյանի խոսքով՝ կենտրոնի գործունեությունն ուղղված է լինելու բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, որոնք հետագայում իրենց գիտելիքները կփոխանցեն մյուս բժիշկներին․

«Հետագայում նախատեսվում է ներդնել պտղի վիրահատություն, որը լայն տարածում ունի զարգացած երկրներում և նորություն կլինի Հայաստանի համար։ Դա թույլ կտա միջամտություններ իրականացնել շատ ավելի լավ արդյունքներով, քան եթե այդ միջամտությունները կատարվեն երեխայի ծնվելուց հետո։ Իրականացվող ծրագիրը թույլ կտա բարելավել Հայաստանի ժողովրդագրական վիճակը»։

ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության առողջապահության գլխավոր կազմակերպիչ Նանե Մնացականյանը վստահեցնում է՝ այս ծրագիրը կօգնի բարձրացնել համապատասխան բժշկական ծառայությունների որակը։

Ըստ Նանե Մնացականյանի՝ Մոր և մանկան առողջությունը Հայաստանում միշտ է գերակա եղել։ Տարբեր բուժհաստատություններում այդ ուղղությամբ մասնագիտական ծառայություններ մատուցվում են, իսկ այս նոր կենտրոնը լինելու է նեղ մասնագիտական, մեկ աստիճան բարձր բուժհաստատություն՝ ունենալով նաև նոր ծառայություններ։

Back to top button