Մոռացված ֆիլմերի ստվերները

Մաթևոսյանական Ծմակուտը՝ Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմերում. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հայկական կինոյի ազգային և գեղարվեստական ձեռագրերը փնտրելիս չենք կարող չհիշել կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանին։ Կինոռեժիսոր, որն իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում ձգտում էր կինո նկարահանել առանց զիջումների՝ համատեղելով կյանքի ճշմարտությանն ու գեղեցիկի իդեալը։

Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսկյանն ու կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանը

Հայ գրականության, արվեստի, մշակույթի փայլուն գիտակ Բագրատ Հովհաննիսյանը քառասունն անց էր, երբ սկսեց կինոռեժիսորի գործունեությունը։ Առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Աղքատի պատիվը» թեև աննկատ մնաց, բայց այդ ֆիլմով նա ինքնուրույն լիամետրաժ ֆիլմ նկարահանելու հայտ ձեռք բերեց։ Նրա հաջորդ աշխատանքը «Հնձան» ֆիլմն էր, որին էլ հետևեց Բագրատ Հովհաննիսյանի ամենհայտնի՝ «Աշնան արևը» կինոնկարը։

Դեռևս պատանեկան տարիներից «Հայֆիլմ» մուտք գործած կինոգետ Դավիթ Մուրադյանը 1976 թվականից պաշտոնապես աշխատանքի ընդունվեց կինոստուդիայում: Հենց այնտեղ էլ ծանոթացան կինոգետն ու ռեժիսորը: Նա նշում է, որ ստալինյան «վանդակից» հետո կյանք մտած կինոռեժիսորի վերաբերմունքը աշխարհի ու կյանքի հանդեպ այլընտրանքային էր։  

Դավիթ Մուրադյան

«Բագրատ Հովհաննիսյանը դժվարությամբ էր իրագործում իր մտահղացումները, որովհետև նա 60-ականների հարաբերական ազատամտության ծնունդն էր: Նրա ստեղծագործական տարիները համընկան 70-ականների լճացման տարիներին, սակայն նա ամեն կերպ փորձում էր այդ պայմաններում մնալ 60-ականների զավակ և դա հարուցում էր դժվարություններ »,-ասում  է Դավիթ Մուրադյանը:

Համաշխարհային գրականության փայլուն գիտակ Բագրատ Հովհաննիսյանը շատ լավ գիտեր մաթևոսյանական բառի համն ու հոտը: Եվ պատահական չէ, որ Հրանտ Մաթևոսյանի «Երկրի ջիղը» վիպակն ընթերցելուց հետո որոշեց այն վերածել կինոնկարի։ Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 1976-ին և ավարտվեցին 1977-ին: Ահնիձորում ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո, ավանդույթի համաձայն, ֆիլմն ուղարկվեց Մոսկվա՝ հաստատման։ Սովետական գյուղն ու սովետական կնոջ կերպարը պատշաճ կերպով չներկայացնելու պատճառով «Աշնան արևը» արգելվեց ցուցադրել համամիութենական էկրանին:

Ֆիլմին տրվեց 4-րդ կարգ, ինչը նշանակում էր, որ այն չէր ցուցադրվելու ամբողջ Սովետական Միության տարածքում: Բագրատ Հովհաննսիյանի կինը դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, որն «Աշնանն արևը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհու՝ Աղունի կերպարը, պատմում է, որ այդ  որոշումը ծանր հոգեկան ապրումներ պատճառեց Բագրատ Հովհաննիսյանին։  

Որոշման պատճենը ստանալուց հետո կինոռեժիսորը վճռեց պայքարել ֆիլմի վերանայման համար։ 8 տարվա անզիջում պայքար: Թվում էր, թե ամեն ինչ անիմաստ է: Բայց Սովետական Միության թիվ մեկ գաղափարախոսական «Պրավդա» թերթում տպված հոդվածը փրկության օղակ հանդիսացավ:

Անահիտ Ղուկասյան

«Հոդվածում ասվում էր, որ «Աշնան արևը» հեղինակային կինոյի ժանրին պատկանող և խորհրդային կինոյում նոր խոսք ասող ֆիլմ է: Հոդվածի հեղինակը Գեորգի Կապրալովն էր, որը «Պրավդայի» այն ժամանակվա առաջատար խմբագիրներից էր, նրա դիպուկ և սուր գրչի առջև շատերը տեղի էին տալիս և «Աշնան արև» ֆիլմի պարագայում էլ այդպես եղավ»,-նշում  է Անահիտ Ղուկասյանը:

Չնայած, որ այս ֆիլմը նկարահանելուց հետո Բագրատ Հովհաննսիայնը որոշել էր, որ այլևս չի վերադառնալու գյուղական թեմայի ու հատկապես մաթևոսյանական Ծմակուտին, բայց երբ պատահաբար ընթերցում է «Տերը» կինովիպակը, ոչ այնքան ապշում է թեմայի և խնդիրների արդիականությունից, որքան իր և գլխավոր հերոսի տագնապների, մտորումների համապատասխանումից։  

«Տերը» ֆիլմը դարձավ Բագրատ Հովհաննիսյանի և արձակագիր Հրանտ Մաթևոսյանի գժտության պատճառը։ Սա վերջին գժտությունն էր։ Առաջինից հետո` «Աշնան արև» ֆիլմի պրեմիերայից որոշ ժամանակ անց վիպակի հեղինակ Հրանտ Մաթևոսյանն ու ֆիլմի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը, վերջապես, հաշտվեցին։ Սակայն այդ հաշտությունը շատ կարճ տևեց: Հրանտ Մաթևոսյանի որդին Դավիթ Մաթևոսյանը պատմում է, որ «Տերը» ֆիլմի նկարահանումները սկսելուց առաջ Բագրատ Հովհաննիսյանի առջև մի պայման է դնում. ֆիլմը չպետք է նկարահանվի Ահնիձոր գյուղում։ 

Դավիթ Մաթևոսյան

«Հայրս Բագրատին հիմնավոր բացատրում էր, որ «Աշնան արև» ֆիլմի նկարահանումից հետո մեր գյուղ էին ներխուժել հայֆիլմական բոհեմիկ փոխհարաբերություններ, շահադիտական հանգամանքներ; Գյուղացիները գյուղատնտեսությամբ զբաղվելու փոխարեն նախընտրում էին փող աշխատել նկարահանման հրապարակում, այսինքն բարքեր էին փոխվել, ինչը բնականաբար դուր չէր եկել հորս: Մի խոսքով այդ խոսակցությունից հետո Բագրատը պայմանը ընդունեց, խոստացավ կինոնկարը այլ գյուղւոմ նկարահանել, բայց խախտեց  իր խոստումը և «Տերը» ֆիլմը նկարահանեց Ահնիձորում»,-նշում է Դավիթ Մաթևոսյանը:

Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի արժանիքներից կարևորագույնը, թերևս այն է, որ նա զգում էր ճիշտ թեմայով ֆիլմ նկարահանելու ճիշտ պահը։ Դրա վառ ապացույցը նրա ֆիլմերն են, որոնց ասելիքը տարիներ անց էլ հնչեղ է ու արդիական։  

«Աշնան արևը» և «Տերը» ֆիլմերում Բագրատ Հովհաննիսյանն աշխատել է հարազատ մնալ արձակագրին, բայց մյուս կողմից ստեղծել է էկրանային իր տարբերակը։ Այս երկու ֆիլմերը էկրան բարձրանալուց առաջ դիմակայել են բազմաթիվ փորձությունների։

«Աշնան արևը» ֆիլմը վերջնական կործանումից փրկեցին Բագրատ Հովհաննիսյանի համառությունն ու վճռականությունը, սակայն այս ֆիլմին հաջորդած երկրի փլուզման վտանգի, երկիրն այդ փլուզումից փրկելու մեր պարտավորության մասին պատմող «Տերը» ֆիլմը այդպես էլ անծանոթ մնաց հայ հանդիսատեսին։

Back to top button