ԿարևորՀասարակություն

Հունիսմեկյան իրարանցում, կամ ի՞նչ են ցանկանում երեխաները

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Մանկական երազանքներ, անկեղծ ու ի սրտե մաղթանքներ․ օրվա տրամադրությունն ամենուր էր։ Մայրաքաղաքում տոնական օրը սկսվել է Երևանի քաղաքապետարանում, որտեղ դպրոցականները իրենց իրավունքների ու քաղաքի խնդիրների մասին են խոսել, շարունակվել  մետրոպոլիտենում, որտեղ կախարդական գնացքով երեխաները կայարանից կայարան են շրջել ու ավարտվել Երևանի տարբեր զբոսայգիներում կազմակերպված միջոցառումներով։ Երեխաների ամենանվիրական երազանքը թերևս խաղաղությունն է, կամ ինչպես 7- ամյա Ավետն է «Ռադիոլուրին» ասել՝ թող երեխաները լավ ապրեն։

5 տարեկան Մերին օրվա խորհուրդը դեռ լավ չի հասկացել, բայց ուրախ–զվարթ տոնական հագուստով մայրիկի հետ Երևանի կենտրոնում է։ Չնայած դպրոց չի գնում, բայց արդեն որոշել է՝ անպայման ուսուցչուհի է դառնալու։ Փոխարենը 4-ամյա Հռիփսիմեն թե օրվա խորհուրդը, թե իր ցանկությունը հստակ գիտի։

«Այսօր մանուկների օրն է, ուզում եմ, որ բալիկները լավ օր ունենան, իսկ ես շատ խաղալիքներ ունենամ»։

«Թող բոլորը խաղաղ երկնքի տակ մեծանան ու ժպիտը միշտ իրանց դեմքին լինի։ Իսկ ես էլ դառնամ աշխարհի ամենալավ բակմինտոն խաղացողը․ արդեն 6 տարի բակմինտոնի եմ գնում»։

11-ամյա Մարկը փոքրիկներից ամենաաշխույժն է, հեռվից նկատել է նկարահանող խմբերին ու մոտեցել իր մասին պատմելու համար։

«Ես զբաղվում եմ երաժշտությամբ, շեփորահար եմ, ես ցանկանում եմ, որ այս տարի բոլոր երեխաները լինեն երջանիկ, ոչ մի բանի պակաս չզգան, կարևորը նաև խաղաղություն լինի ու բոլորի երազանքները կատարվեն»։

Երեխաները վաղ առավոտից Ազգային ժողովի բակում են․ այստեղ այսօր ոչ թե օրենքները, այլ պաղպաղակն ու քաղցրավենիքներն են ուշադրության կենտրոնում։

Իմ ամենամեծ երազանքը որ աշխարհում լինի խաղաղություն

7-ամյա Ավետը ոչ միայն մաղթանք, այլ նաև հստակ հորդոր ունի հասակակիցներին ուղղված։

«Բոլոր երեխաները թող երջանիկ լինեն, իրանց լավ պահեն, ամբողջ կյանքում խելացի լինեն ու լավ ապրեն»։

«Մաղթում եմ առողջություն, երջանկություն ու թող բալիկների մոտ ամեն ինչ ավ լինի։

«Թող բալիկները առողջ լինեն, չհիվանդանան»։

9—ամյա Մարիաննան որոշել է՝ անպայման բժշկուհի է դառնալու, երեխաներին ուրախություն է մաղթում։

«Իսկ ամենակարևոր երազանքս, որ իմ քույրիկը առողջ լինի, որովհետև ինքը հիվանդ է»։

Երեխաներն այսօր ոչ միայն օրենսդիրում՝ Ազգային ժողովում էին,  այլ նաև Քաղաքապետարանում։ Դպրոցականներն ու պատանիները այստեղ կոնկրետ օրակարգով ու խնդիրներով են եկել․ մանկական խաղահրապարակներ, տրանսպորտ, փափառող շներ, վտանգավոր երթևեկություն․ աշակերտների բարձրացրած խնդիրները տարաբնույթ են։

«Մեր թաղամասի բակերը մեղմ ասած լավ վիճակում չեն, երեխաները հաճախ խաղում են բակերում խիտ կայանած մեքենաների արանքներում»։

«Այսօր Նորբարաշժենը երևանի մյուս համայնքներին կապում է երկու երթուղի, այս փաստը դժվարացնում է աշակերտների արտադպրոցական պարապունքներ կազմակերպելը»։

Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանը Մետրոպոլիտեն․․․

Գնացքը հեռանում է ու հայտնվում կախարդական կայարանում․ մետրոյի ուղևորներն այսօր ոչ միայն երեխաներն են,  այլև հեքիաթների ու սիրված մուլտֆիլմերի հերոսները։ 10-ամյա Նարեն հեքիաթային գնացքով է եկել Երիտասարդական կայարան, տոնական նվերի հարցում դեռ չի կողմնորոշվել, անակնկալների է սպասում, բայց մի բան հաստատ գիտի․․․

«Այստեղից որ դուրս գամ, գնալու եմ հաց ուտելու ու իմ օրը տենց անցկացնելու եմ»։

Back to top button