ԿարևորՔաղաքական

Ապաշրջափակման հարցն առայժմ լուծում չունի․ վերլուծաբան

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթ, հայտարարվեց, որ այս շաբաթ պետք է կայանա երեք երկրների փոխվարչապետերի հանդիպում՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ առկա հարցերը։ 

Փոխվարչապետերի հանդիպում, սակայն, այս շաբաթվա ընթացքում չի նախանշվում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ փոխվարչապետերի հանդիպումը կկայանա առաջիկայում, թե երբ, դեռ պարզ չէ։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա առաջիկայում, կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներ՝ նախօրեին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։  Հանդիպման հետաձգման մասին հայտարարելով՝  նա գործընթացի մանրամասներին է անդրադարձել։ Նշել է, որ սահմանին գործելու է անձնագրային, մաքսային և այլ հսկողություն, ինչպես միջազգային բոլոր սահմաններին։

Նախատեսված հանդիպման հետաձգումը  քաղաքագետ Հրանտ Միքայելյանը այլ կերպ է բացատրում․ կարծում է՝ կողմերը չեն նախընտրում ռուսական ֆորմատով բանակցությունները՝ գերադասելով այլ ձևաչափեր։

«Ռուսական ֆորմատը դարձել է երկրորդական, և կողմերը նախընտրում են արևմտյան հարթակում բանակցել»։

Օվերչուկը նշել է, որ կողմերն «այսօր շատ մոտ են երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև վերականգնելու հարցում։  Ըստ նրա՝ նաև  Հայաստանն է հնարավորություն ստանում ապաշրջափակվել ու շարժվել Նախիջևանով, Սյունիքով և Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ երկրներ, ինչպես նաև Իրան։  Հրանտ Մելիքյանի կարծիքով՝ Օվերչուկի ձևակերպումները վկայում են, որ Ռուսաստանը դեմ է ադրբեջանական այսպես կոչված  «զանգեզուրյան միջանցքի» տրամաբանությանը։

«Այս պահի դրությամբ Ռուսաստանի դիրքորոշումն այնպիսին է, որ Հայաստանն է վերահսկելու ճանապարհները, սակայն ամեն դեպքում ՌԴ ուզում է, որ սահմանազատման ու սագմանագծման գործընթացները տեղի ունենան իր մասնակցությամբ և որ այդ օրակարգը տարվի, ոչ թե արևմտյան»։

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը կողմերի համար արևմտյան օրակարգի առավելությունն է ընդգծում, թեև, ըստ նրա, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը առայժմ լուծում չունի, քանի դեռ կնքված չէ Խաղաղության պայմանագիրը։

«Կողմերի մեջ արևմտյան հարթակներում կարծես թե ձևավորվել է այն ընդհանուր ընկալումը, որ սահմանները պետք է բացվեն, և տարածքային ամբողջականություն՝ կոմունիկացիաների նկատմամբ սուվերենության հիման վրա, իսկ այդտեղ Ռուսաստանն անելիք չունի։ Իսկ Օվերչուկը հայտարարում է նոր հանդիպումների մասին, հետո նորից նոր հանդիպումների մասին, քանի որ Օվերչուկը ներկայացնում է մի երկիր, որը անկախ ամեն ինչից ցանկանում է մնալ գործընթացի մեջ»։

Նախօրեին, ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում  նշել էր, որ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար, և որ պաշտոնական Երևանը այն լուծումների կողմնակիցն է, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։  Ըստ նրա՝ երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ «Եթե դիտարկենք  տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքները, ապա կարող ենք արձանագրել, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով լուրջ լոգիստիկ լուծումներենք ստանում»,- ասել էր Գրիգորյանը։

Back to top button