ԿարևորՀասարակություն

300 աշխատող 400 լավագույն բուհերից․ աշխատաշուկան սպասում է, նախարարությունը՝ ստուգում

Աշխարհի 400 բուհերի շրջանավարտներին հայկական բիզնես միջավայր ներգրավելու ակնկալիքով կառավարությունը նախատեսել էր սուբսիդավորել նրանց աշխատավարձերը 20, 50 և 70 տոկոսով։ Կառավարության նիստերից մեկում Էկոնոմիկայի նախարարը զեկուցել էր այս ծրագրով գրանցվող արդյունքները։ «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ ի՞նչ փուլում է ծրագիրը, և ե՞րբ հայկական աշխատաշուկա «կներմուծվի» աշխարհի լավագույն համամալսարաններում ձեռք բերված փորձն ու գիտելիքը։

Պետությունը պատրաստ է օգնել գործատուին բարձր որակավորմամբ աշխատող ներգրավելու հարցում՝ փոխհատուցելով մասնագետի ակնկալած աշխատավարձի որոշակի մասը։ Այս մասին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր դեռ մայիսի 18-ի կառավարության նիստում։ Նախարարը տեղեկացնում էր, որ գործընթացն արդեն շոշափելի փուլ է մտել․

«Մենք արդեն ունենք բավականին լավ արդյունք, և առաջին եռամսյակի ավարտին մոտ 300 բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի սուբսիդավորման հայտ է հաստատվել»,- հայտնել է նախարարը։

Ծրագրի շրջանակում կֆինանսավորեն այն կազմակերպությունները, որոնք պատրաստվում են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ ունենալ։ Եթե աշխատակիցը ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը և ունի առաջնակարգ ընկերություններում աշխատանքային փորձ, ապա պետությունը կվճարի նրա աշխատավարձի 20 տոկոսը։ Եթե դրա հետ մեկտեղ ունի նաև դոկտորական աստիճան, ապա պետությունը կվճարի այդ աշխատողի աշխատավարձի 50 տոկոսը։ Իսկ եթե նա պատրաստվում է աշխատել Հայաստանի համալսարաններում կամ այլ կրթական հաստատություններում, ապա փոխհատուցումը կլինի 70 տոկոս։

«Ռադիոլուրը» փորձեց պարզել՝ ինչ փուլում է ծրագիրը։ Նախարարության Ձեռներեցության վարչության պետ Լիլիթ Հակոբյանի փոխանցմամբ՝ 300 անձանց համար նախարարությունը դիմումներ ընդունել է, սակայն մինչև հաստատելը դեռ երկար ճանապարհ կա անցնելու․

«Հայտը ներկայացված է մեզ, մենք պետք է ստուգենք տեղեկատվությունը, որը ներկայացրել է կազմակերպությունը։ Սա նորմալ աշխատանքային պրոցես է։ Տարբեր փուլերից է բաղկացած ստուգման պրոցեսը։ Առաջին փուլը, երբ որ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը ստուգումներ է իրականացնում և մեզ տալիս է տեղեկատվությունը, և երկրորդ փուլը, երբ մենք կատարում ենք ընթացիկ աշխատանքները և ներկայացնում ենք փոխհատուցման»։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ 300 դիմումները 27 կազմակերպություններից են։ Այս պահին փոխհատուցման փուլում են գտնվում 64 աշխատակիցներ՝ 8 կազմակերպություններից։ «Փոխհատուցման փուլում են գտնվում» ասելով, Լիլիթ Հակոբյանը նկատի ունի, որ իրականացվում են որոշակի ստուգումներ՝ փոխհատուցելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու համար․

«Կազմակերպությունը մեզ ներկայացնում է բավարարված հայտերը, որոնք պետք է ստուգված լինեն ՊԵԿ-ով, ներկայացնեն ճշգրիտ տեղեկատվություն իրենց աշխատանքի, գործունեության մասին, պետք է ներկայացնեն, օրինակ, որտեղ են ավարտել, որոշակի ճշգրտումների փուլեր գոյություն ունեն, որոնք որ ժամանակատար են մի փոքր, որևէ խնդիր չկա էս մասով, քանի որ երբ այս ամբողջ պրոցեսնները կավարտվեն, աշխատակիցները կփոխհատուցվեն»։

2022-ի օգոստոսի 4-ին հաստատված և 2023-ի հունվարի 1-ից ընթացքի մեջ մտած ծրագրով ֆինանսավորում ստանալու համար 400 լավագույն համալսարաններից մեկն ավարտելուց բացի, այլ չափորոշիչներ ևս կան, որոնք հատուկ ստուգման են ենթարկվում․

«Առաջին չափանիշը այն է, որ նման աշխատակիցները պետք է վերջին 2.5 տարվա ընթացքում մեկ ամիս ապրած չլինեն ՀՀ-ում։ Երկրորդ կարևորագույն չափանիշը՝ իրենք պետք է 2 ամիս արդեն աշխատած լինեն այդ կազմակերպությունում, որից մենք ստանալու ենք հայտը»։

Այս ճանապարհով անցնող, դեռ փոխհատուցում չստացող, բայց արդեն աշխատանքային գործընթացի մեջ գտնվող անձանց և նրանց գործատուների՝ ծրագրի շահառուների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նախարարությունից խոստացան՝ ծրագրի ավելի շոշափելի փուլ մտնելուն պես մանրամասներ ներկայացնել աշխատանքների արդյունավետության և բարձր որակավորմամբ աշխատակիցների ներգրավմամբ պայմանավորված որակական փոփոխությունների մասին։

Ակնկալվում է, որ այս ծրագրի շնորհիվ հայկական ընկերություններ բերված միջազգային փորձը կօգնի բարելավելու կազմակերպությունների աշխատանքը, համապատասխան մասնագետների ներկայությունը թույլ կտա օգտվել տեխնիկական նոր միջոցներից։

Back to top button