ԿարևորՄշակույթ

Բիենալեները Հայաստանը դարձրել են տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն. ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակույթների երկխոսություն» Հ/Կ-ն «Կերպարվեստի նախագծեր»-ի շրջանակում 2023 թվականի հունիսի 1-ից նոյեմբերի 30-ն իրականացնելու է «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե. Երևան 2023» նախագիծը:

Տեղի կունենա «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» գեղարվեստական տպագրության միջազգային համաժողովը, որին ներկա կլինի ավելի քան 50 փորձագետ՝ 30 երկրից։ Փորձագետները հանրությանը կներկայանան զեկույցներով, իսկ մասնագիտական հանրույթին, արվեստի բուհերի ուսանողներին և կայացած փորագրանկարիչներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու միջազգային ճանաչում վայելող վարպետների և անվանի արվեստագետների կողմից անցկացվող վարպետության դասերին, հանդիպելու և քննարկելու Հայաստանում և աշխարհում տիրող ժամանակակից արվեստի ու գեղարվեստական տպագրության ուղղությունները և փորձառությունները։

Թանգարանների աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու միջազգային տարբեր կառույցներում տպագրական թերթերի պահպանման և հանրահռչակման պայմաններին և մեթոդներին՝ միևնույն ժամանակ միջազգային մասնագետներին ներկայացնելու հայկական հարուստ մշակույթը և թանգարանային հավաքածուները։

Հայաստանում իրականացվող Գեղարվեստական տպագրության երեք միջազգային բիենալեները ձեռք են բերել լայն ճանաչում գեղարվեստական տպագրության ոլորտում և Հայաստանը դարձրել տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն:
Բիենալենի շնորհիվ Հայաստանը տարեցտարի դառնում է միակ մասնագիտական հարթակը ինչպես հարևան երկրների մասնագետների, այնպես էլ միջազգային ճանաչում վայելող արվեստագետների համար։

Բացառիկ կարևորություն է ներկայացնում միջազգային և տեղացի մասնագետների փորձի փոխանակման շարունակականությունը, որի համար արդեն 5 տարի հարթակ է հանդիսանում Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեն։

Back to top button