ԿարևորՀասարակություն

Հայաստանը Բրատիսլավայում կմասնակցի միջազգային տնտեսագիտական օլիմպիադային


Այս օրերին ամփոփվում են Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի
արդյունքները, որի արդյունքում հայտնի կդառնան այն 5 մասնակիցները, որոնք պիտի ներկայացնեն
Հայաստանը սեպտեմբերին կայանալիք միջազգային փուլին: Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական
փուլը:

Հանրապետական փուլին մասնակցության իրավունք էր ստացել 36 աշակերտ, որոնք հաղթահարել
էին մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը: Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից:

Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը, գործընկերների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ: Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Նպատակը դեռահասների մոտ տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է:

Հունիսի 2-ին ժամը 14:00-ին,Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տնտեսագիտական միջոցառում-ֆորում, որի ընթացքում կհայտարարվեն օլիմպիադայի միջազգային փուլի մասնակիցների անունները, նրանց կհանձնվեն պատվոգրերը, կամփոփվեն տնտեսագիտական էսսեների մրցույթի արդյունքներն, ու կպարգեւատրվեն հաղթողները:

Տնտեսագիտական թեմաներով քննարկում կծավալվի ոլորտի զարգացումների ու առկա խնդիրների վերաբերյալ: Խոսնակներից են Թոունի Հանթ Ֆեռարինին (Ռոբերտ Ու. Պլաստերի տնտեսագիտական կրթության ամբիոնի պրոֆեսոր՝ Միսսուրի նահանգի Լինդենվուդի համալսարանի Համոնդի ինստիտուտի ավագ տնտեսագետ), Ջոզեֆ Պ. Կալհունը (Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր՝ Ձեռներեցական և տնտեսագիտական անվճար կրթության զարգացման Ստավրոսի կենտրոնի տնօրեն), Ռենդալ Կ. Ֆայլերը (Հանթեր քոլեջի և Նյու Յորքի քաղաքային համալսարանի հետդիպլոմային կենտրոնի տնտեսագիտության պրոֆեսոր), ինչպես նաև Հայաստանում ֆինանսատնտեսական ոլորտի փորձառու գործիչներ, այդ թվում ՀՀ կենտրոնական բանկից, ՀՀ Ֆինանսների նախարարությունից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի տնտեսագիտական ասոցիացիայից եւ այլն:

Ներկա կլինեն դեսպաններ, միջազգային գործընկերներ ու ոլորտի զարգացմանը նպաստող այլ գործիչներ:

Back to top button