Երաժշտական եռանկյունի

Նելլի և Հովհաննես Մանուկյանների յուրօրինակ երկյակը․ «Երաժշտական եռանկյունի»

Մեզանում հայտնի են բազմաթիվ երաժշտական կազմերի ձևաչափեր՝ նվագախումբ, ութնյակ, քառյակ, եռյակ  երկյակ և այլն։ Այդ բոլոր կազմերի համար հարյուրամյակների ընթացքում գրվել են բազմաթիվ ստեղծագործություններ և երաժշտասեր հանրության համար դրանք սովորական են ու թվում է՝ հանդիսատեսին ոչ մի բանով չես զարմացնի։

Բայց արի ու տես, որ հնարավոր են  բացառություններ, մեր դեպքում՝  ֆլեյտայի և երգեհոնի երկյակ, այն էլ՝ ջազային։

Հովհաննես Մանուկյանը կոմպոզիտոր, դաշնակահար և երգեհոնահար է, արվեստագիտության թեկնածու, որը հայտնի է ժամանակակից ակադեմիական երաժշտության բնագավառում և՛ իր խոշոր կտավի ստեղծագործություններով, և՛ երգչախմբային երկերով, և՛ ստեղծագործություններով՝ գրված դաշնամուրի և երգեհոնի համար։

Նելլի Մանուկյանը՝ նրա քույրը,  Հայաստանի  լավագույն ֆլեյտահարներից է, որի  կատարողական լայն դիապազոնը ներառում է ակադեմիական դասական և ժամանակակից, ջազային և պրոգրեսիվ,  ռոք երաժշտություն։

«Մենք մեր երաժշտական կարիերան կառուցել ենք իրարից անկախ, ես՝ հիմնականում կատարողական արվեստի ոլորտում, եղբայրս՝ կոմպոզիցիայի։ Եվ սա երկյակով հանդես գալու և ամբողջական ծրագիր ներկայացնելու  մեր առաջին փորձն էր, ծրագիր,  որն ընդգրկում էր հայտնի ջազային ստանդարտներ և Հովհաննեսի հեղինակային կոմպոզիցիաները» –  ասում է Նելլի Մանուկյանը։

Նվագարանների նման համադրությունը շատ բնական է բարոկ երաժշտության դարաշրջանի համար, և անսովոր՝ մեր օրերում։  Բայց ներկայացված  առանձնահատուկ համերգային ծրագիրն իր արտասովորությանբ, թարմությամբ և կատարողական վիրտուոզությամբ՝ գերեց հանդիսատեսին, որը հիացմունքով ողջունեց նոր և ներդաշնակ կազմի ստեղծումն ու առաջին բեմելը։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան լեփ լեցուն դահլիճում, հիացած հանդիսատեսին երաժիշտները  պարգևեցին իմպրովիզացիաներով լեցուն, երկու մասից բաղկացած համերգային ծրագիր, որտեղ  բիբոպն ու ջազ–ռոքը կատարելապես ներդաշնակված էին ժամանակակից կոմպոզիտորի պրեմիերային ստեղծագործությունների հետ։

Հովհաննես Մանուկյանը նվագում էր և՛ երգեհոն, և՛ էլեկտրոպիանո, և՛ Համոնդ երգեհոն , ստեղծելով տեմբրային գունեղ պատկեր, որի ֆոնի վրա փայլատակում էր Նելլի Մանուկյանի անզուգական ֆլեյտան։

Համերգը նվիրված էր Ջազի միջազգային օրվան, ծրագիրն ընդգրկել էր Ուեյն Շորթերի, Ջոն Քոլթրեյնի, Կապեր–Վաշինգտոնի, Ռոջերս–Հարթի, Ֆրանկ Չերչիլի, Սերխիո Միհանովիչի և Հովհաննես Մանուկյանի ստեղծագործությունները։

Հաղորդման ընթացքում հնչում են Նելլի և Հովհաննես Մանուկյան երկյակի  բազմաթիվ համերգային կատարումներ։

Back to top button