ՀարցուԳԻՏԱփորձ

Խելացի ծնվո՞ւմ են, թե՞ դառնում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ինչքան էլ ունենաս Շումախերի գեները, առանց աշխատելու չես կարող ֆինիշը առաջինը հատել, ուղեղը պետք է զարգացնել»։

Եթե Դուք կարծում եք, որ բնությունը որոշել էր Ձեզ խելացի ծնել, ապա Դուք կամ խելացի չեք, կամ այդպիսին դարձել եք ոչ միայն բնության ջանքերով։

«Եթե ճիշտն եք ուզում իմանալ՝ խելացի դառնում են։ Չնայած հայ ծնողները, բոլորը՝ գրեթե անխտիր, տառապում են հետևյալ կոմպլեքսով․ բոլորին թվում է, թե իրենց երեխաներն ի բնե խելացի են»։

Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն այսօր պարզելու է՝ խելացի ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։

***

Հեշտ է մտածել, թե խելացի մարդկանց այս կամ այն միտքն արտահայտելը, գործն անելը, լուծումը գտնելը, որոշումը կայացնելը հեշտ է տրվում։ Բայց խելքն ուսումնասիրող մասնագետները վստահ են՝ նրանց հեշտ չի տրվում, առաջին հերթին, հենց խելացի լինելը։ «Խելք»-ը սահմանելը դժվար է, ճշգրիտ չափումների ենթարկելը՝ անհնար։ Սակայն այն ունեցողների մի մեծ խումբ հետազոտում է՝ որտեղից է այն տրվում մարդուն։

Դեռ չծնված երեխայի ուղեղն անգամ դատարկ չէ։ Գենտիկ նախատրամադրվածությունը չի կարելի շրջանցել։ Սակայն որոշիչ է պտղի զարգացման առաջին եռամսյակը, որի ընթացքում ձևավորվում է նյարդային համակարգը։

Ստացվում է՝ խելացի լինելը գե՞ն է, հղիության ընթացքում մոր որոշակի քայլերի հետևա՞նք, հանգամանքների բերո՞ւմ, դաստիարակությո՞ւն, թե՞ որոշում։ Ինտելեկտը ժառանգակա՞ն է, թե՞ ձեռքբերովի․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Կարող են լինել նախադրյալներ, որ այս կամ այն անհատը կարող է լինել քիչ ավել կամ քիչ պակաս խելացի։ Դա կարելի է ենթադրել որոշակի գեների նախատրամադրվածությունից։ Ամեն մեկս ինչ-որ մի գործոնի նկատմամբ կամ մի քանի գործոնների նկատմամբ ունենք հակում, բայց սա պետք է զարգացնել, որովհետև ուղեղը ևս ունի մարզման կարիք և ինտելետը աշխատաքնի հետ միասին զարգանում է»։

Բժշկական գիտությունների թեկնածու, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, «Քոբրեյն» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի գլխավոր գիտաշխատող, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր․Կոնստանտին Ենկոյանի գիտական կենսագրությունը դեռ երկար կարելի է ներկայացնել։ Կարճ ձևակերպմամբ՝ միտքն ուղեղի հարցերով է զբաղված․

«Մենք այստեղ ուսումնասիրում ենք ուղեղի ամբողջ ծերացման գործընթացը, վերծանելով ուղեղի ֆունկցիաները՝ ուսումնասիրում ենք ուղեղի առողջ ծերացումը։ Բոլորս ծնվելու պահից սկսած ծերանում ենք, հենց հաջորդ վայրկյանից սկսած։ Ուզում ենք հասկանալ՝ ինչ անել, որ այս ծերացման գործընթացը լինի առողջ»։

Ենկոյանը վստահ է՝ խելացիությունը միանվագ տրվող բոնուս չէ։ Ի ծնե ունեցած մեկնարկային կետը զարգացնելու կարիք կա, ինչը մի ամբողջ կյանք ձգվող գործընթաց է․

«Այո, կան անհատներ, որոնք շատ ավելի արագ են ընկալում ու կարող են շատ ավելի արագ անալիզել, որոշները՝ շատ ավելի դանդաղ, բայց սա նաև պարապելու հետ է գալիս։ Մեր դեպքում պարապելը կարդալն է, ընկալելը, այ սա է հիմնականը»։

Ստացվում է՝ մենք ծնվում ենք խելացի լինելու ավելի սուր կամ պասիվ դրսևորված պոտենցիալով։ Թե ինչպես կվարվենք այդ պոտենցիալի հետ՝ սեփական որոշում է, այն կայացնելու անհնարինության դեպքում՝ միջավայրից եկած՝ խելացի դառնալու հորդոր, նույնիսկ պարտադրանք։ Մինչ այն պահը, երբ կդառնանք բավարար խելացի՝ էլ ավելի խելացի լինելու կարևորությունը հասկանալու համար։ Եվ գործընթացը կզարգանա փակ շղթայում։

«Կա դինամիկ, շարժական ինտելեկտ, որը բնության կողմից, ծնողների կողմից ժառանգում է։ Մամայի ու պապայի գեների այնպիսի համաձուլում կա, որ իրեն տալիս է հնարավորություն ավելի խելացի լինելու։ Եվ կա, այսպես կոչված, բյուրեղացված ինտելեկտ, որը հիմնականում քո անցած փորձի արդյունքն է, այն, ինչ դու տեսել ես, ճանապարհի, փորձի արդյունքում ձեռք բերված հմտություններն են։ Այ դրա համար են ասում բյուրեղացված։ Այսինքն՝ քո գիտելիքը փորձի արդյունքում է ձևավորված։ Իհարկե այն մարդիկ, ովքեր ունեն երկուսն էլ, ավելի շահեկան դիրքերում են լինում»։

Գենի վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Համարում ենք, որ խելացի ծնողների երեխան պե՛տք է խելացի լինի, քանի որ «պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Եվ եթե հանկարծ այդպես չի ստացվում, ասում ենք՝ «բնությունը հանգստանում է երեխայի վրա»։ Սակայն եթե գենն այդքան որոշիչ լիներ, առնվազն զույգ երեխաները պետք է որ ինտելեկտի ճիշտ նույն չափաբաժինն ունենային։

Ուղեղի մարզասարքը ինֆորմացիան է, որի հետ աշխատանքի կերպից է կախված՝ որքանով կզարգանան մկանները։ Շատ գրքեր կարդալը խելացիության ցուցնիչ չէ, բայց միանշանակ կարող է միտքը մարզելու հնարավորություն դառնալ․

«Կարող է մեկը շատ կարդա, մյուսը շատ տեսնի, մյուսը կարդա, բայց չտեսնի։ Ի վերջո ինտելեկտը քո հնարավորությունն է ինֆորմացիան ընկալելու։ Տեսեք, մեկը կարա կարդա 50 գիրք ընկալի դրանից, օրինակ, տասը։ Մյուսը կարդա տասը գիրք ու տան էլ ընկալի։ Այստեղ էլ կա նուրբ տարբերություն՝ ամբողջ ինֆորմացիան ընկալել և այն ճիշտ մարսել։ Բոլորս կարդում ենք նույն տեքստը, բայց բացի ծավալից, որ կարողացանք հիշել ամբողջ տեքստի ինֆորմացիան, նաև կարևոր է, թե ինչքանով ենք կարողացել ճիշտ ընկալել այդ ինֆերացիան, ու ճիշտ տեղավորել այս անծայրածիր նեյրոնների մեջ»,- ասում է Ենկոյանը։

«Խելացի դարձնելու ամենաքիչը 60 տոկոսը դպրոցի ուսերին է, ամենաքիչը։ Եթե այդպես չլիներ, ինչո՞ւ են, օրինակ, Անգլիայի, Ֆրանսիայի մասնավոր դպրոցները այդպիսի աստեղային գներով։ Կրթությունը իրականում աշխարհի ամենաթանկ բանն է։ Դպրոցի վրա շատ մեծ է պատասխանատվությունը, որովհետև, անկեղծ ասած, ծնողը պարտավոր չի երեխային խելացի դարձնել, ծնողը պարտավոր է երեխային երջանիկ դարձնել»։

Անուշ Սեդրակյանը աշխատում է խելացի դառնալ հավակնող թիրախային խմբի՝ աշակերտների ու ուսանողների հետ։ ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է, Մակսեդան դպրոցի հիմնադիր-տնօրենը։

— Ինչ-որ մի բնագավառ կա, որում յուրաքնչյուր մարդ հանճարեղ է, ուղղակի խնդիրն այդ բնագավառը գտնելն է։
— Եվ դա պիտի արվի, օրինակ, դպրոցո՞ւմ։
— Նաև դպրոցում և հիմնականում դպրոցում, որովհետև ծնողը չի կարող երեխային նայել օբյեկտիվ աչքերով։
— Արվո՞ւմ է դպրոցում։
— Մենք փորձում ենք, բայց ծնողը նեղանում է։ Ասենք, երբ ինքն ուզում է իր երեխային տեսնել հանճարեղ մաթեմատիկոս և դու ասում ես, որ ախր մարդը պարում է լավ, մարդու մեջ պարի բացահայտ տաղանդ կա, մեջը կայծ կա, չէ՜, ի՞նչ պարուհի և այլն։ Պապիկը մաթեմատիկոս էր, տատիկը մաթեմատիկոս էր․․․ այդպես են մարդուն խեղում»։

Սեդրակյանն ասում է՝ խելացի դառնալու համար տառապել է պետք։ Կարծում է՝ դա հիմնականում պետք է անել դպրոցում։ Հենց այստեղ նաև պետք է ձևավորվի քննադատական մտածողությունը, որը, սակայն, առաջին հերթին պետքբ է հիմնված լինի ճշգրիտ գիտելիքի վրա․

«Այժմյան, այսպես ասած, ձախական շարժումները գնում են կարծիքայնության։ Ասվում է՝ իսկ ի՞նչ կապ ունի՝ ես դա գիտեմ, թե չգիտեմ, ասենք՝ ես չգիտեմ երկու անգամ երկու հավասար է չորս, բայց ես ունեմ կարծիք, որ երկու անգամ երկու 5 է, և ուրեմն, ես մարդ եմ, դուք իրավունք չունեք ինձ սահմանափակել։ Դա մանիպուլատիվ թրենդ է, բաց շատ լավ աշխատում է, որովհետև կարող ես ասել բացարձակ տգետ մի բան, և եթե մենումեկը քեզ փորձի գիտելիքի դաշտ բերել, դու կարող ես ասել՝ «դա արդեն հնացած է», կամ «դու ուզում ես ճնշել իմ կարծիքը», «դու բռնապետ ես»»

Սեդրակյանի կարծիքով՝ դպրոցը պետք է ինչ-որ չափով այդ «բռնապետ»-ը լինի։ հակառակ դեպքում ծնողը վստահ կլինի, որ իր երեխան հանճար է, երեխան վստահ կլինի, որ իր գիտելիքը բավարար է, և կձախողվի մարդուն խելացի դարձնելու ամբողջ օպերացիան․

«Ցանկացած մարդ իրավունք ունի ինչ-որ բան վիճարկել գիտելիքի որոշակի պաշար ստանալուց հետո, երբ արդեն ստանում ես էդ գիտելիքը, ամրապնդվում ես, կայուն հենասյուն ունես, հետո կարող ես հարցեր տալ՝ սկզբում քեզ, հետո ուրիշներին։ Իսկ դպրոցը պետք է երեխային ազատ թողնել այնքան, որ երեխան կարողանա իր գիտելիքը լրացնելով ինքն իրեն հարցեր տալ և նաև կարողանա այնքան խստաբարո լինի, որ երեխան իմանա, որ գիտելիքն ու դպրոցը այդքան կապված են»։

Միջնադարում խելացի լինելու ջանքերը թանկ արժեին․ պարզ ինֆորմացիայի անթույլատրելի պաշարի դեպքում մարդուն գուցե քառատեին։ Վերածննդի ժամանակահատվածում այն նորաձև էր, մեծ մասաների համար նպատակակետ։ Մեր օրերում խելացի լինելը հեշտ է, հասանելի այնքան, որ մեզ գիտելիքի նկատմամբ անփույթ է դարձրել։ Եթե նախկինում մարդուն խելացի լինել արգելում էին բարքերը, ինֆորմացիայի սակավությունը, ապա այժմ խելացի չլինելու մեջ կարող ենք մեղադրել միայն ծուլությանը․

«Դու կարող է լինես բնատուր տաղանդավոր, բայց անհնար է, որ առանց աշխատանքի քո մասնագիտության մեջ հասնես որոշակի բարձունքի։ Չի աշխատի, որովհետև այսօրվա քո հաջողության գրավականներից մեկը ոլորտում բանիմաց լինելն է, իսկ ոլորտում բանիմաց լինելու համար դու պիտի անընդհատ կարդաս, անընդհատ շփվես, իմանաս՝ ինչ տեխնոլոգիաներ կան։ Եթե ես մեկ շաբաթ ոլորտից հետ ընկնեմ, խնդիր է»։

Նեյրոնների կամ դրանց և գեղձային ու մկանային բջիջների միջև կան էլեկտրական ազդակներ փոխանցող սինապսներ։ Սրանք նեյրոնների հաղորդակցման ուղիներն են։ Կոնստանտին Ենկոյանն ասում է՝ դրանց աշխատանքի արդյունավետությունը լավացնելու խնդիր ունենք․

«Շատ կարևոր են այդ սինապսները, որ գոյանում են 2, 3, 10 նեյրոնների միջև և ի վերջո տալիս են տարբեր նյութեր, այդ նյութերն ազդում են ուրիշ սինապսների վրա։ Հիմա միլիոնավոր սինապսներ են աշխատում, մինչ մենք զրուցում ենք։ Ու ինչքան մենք զարգացնենք, մեր զրույցը էլ ավելի խելացի կարող է լինել։ Կարող է մեկ տարի հետո մեր զրույցը ավելի խելացի լինի, եթե մենք մեր վրա աշխատենք»։

Back to top button