ԿարևորՎերլուծական

Իսրայելն Ադրբեջանին «փուռն է տալու»․ քաղաքագետ

Պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ տիկնոջ հետ։ Նա Բաքվում մասնակցելու է Իսրայելի անկախության 75-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը։ Ալիևի հետ հանդիպումից հետո, լրագրողների ներկայությամբ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների համար։

Հայ փորձագետներից ոմանք համոզված են, որ այս այցը իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները ավելի ջերմացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու մտադրություններով է պայմանավորված, ոմանք էլ համոզված են, որ Թել Ավիվը օգտագործում է Բաքվին ու հարկ եղած դեպքում այսպես ասած «փուռը կտա» այդ երկիրը։

«Իրանը տարածաշրջանի երկրների համար վտանգ ներկայացնող երկիր է»,- հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է, որ, որ այդ ուղղությամբ պայքարելու համար Ալիևի հետ քննարկումներ է անցկացրել։ Միջազգային պարբերականները նկատում են, որ Իսրայելի նախագահի այցն Ադրբեջան տեղի է ունենում Բաքու-Թեհրան լարվածության ֆոնին:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանին իր տարածաշրջանային նպատակների համար․

«Իհարկե, Ադրբեջանը շատ ոգևորված է իր ավտոկրատ նախագահով, Արցախի լեռներում իր հաջողություններով, շատ վստահ է ռուս-թուրքական դաշինքի ամրության մեջ, ունի նաև թուրքական ավանդույթով հակում՝ տիրանալու այլ պետությունների տարածքներին։ Արցախի հարցը, իր պատկերացմամբ, ավարտել է ու հիմա գիշատչի հայացքը նետել է Իրանի վրա։ Իսրայելը, որպես կազմակերպված պետություն, էս գիշատչին դրդում է գնալ ինչ-որ քայլերի, բայց վստահ եղեք՝ Իսրայելը Ադրբեջանին «փուռն է տալու»»։

Կամ իրադարձություններն, ըստ փորձագետի, կզարգանան վերոնշյալ սցենարով, կամ հակաիրանական գործարքը ինչ-որ պահի կանգ կառնի։ Ադրբեջանաիսրայելական դաշինքը չի կարող Իրանին ծնկի բերել, համոզված է Հայկ Սուքիասյանը․

«Երբ Ադրբեջանը թուրքական ավանդույթով փորձի նվազագույն ռազմական ագրեսիա իրականացնել՝ տարածքային նկրտումներով, այդ ժամանակ հաստատ Իսրայելը հետ կքաշվի, ու Ադրբջեջանը մեն- մենակ կմնա Իրանի հետ, և այդտեղից Ադրբեջանը կենդանի դուրս չի գա։ Հիմա օգտագործվում է Բաքուն Իսրայելի կողմից և իմիջ է ձեռք բերում և ուրախանում դրանով, բայց դա ժամանակավոր է»։

Զրուցակցիս կարծիքով՝ Բաքվից հնչող հայտարարություններն ու քայլերը ճնշման գործիքներ են և նպատակ ունեն սահմանափակել Թեհրանին։ Փորձագետ Արման Ղուկասյանը կարծում է, որ այդ հայտարարությունները ոչ թե քարոզչական դաշտում են, այլ իրական նպատակներ կան խեղճացնելու Իրանին․

«Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ սերտորեն զարգանում են։ Իրանը մի քանի անգամ հայտարարել է և հստակ տեղեկություններ ունի, որ Ադրբեջանում լուրջ իսրայելական լրտեսական ցանց է աշխատում և այդ ցանցը, բնականաբար, ուղղված է Իրանի դեմ։ Ադրբեջանում բազմիցս ձերբակալվել են իրանական գործակալներ, այսինքն՝ այս գործընթացն անընդհատ տեղի է ունենում։ Բայց Իրանը հստակ գիտի, և տարածաշրջանային խաղացողներն էլ հստակ գիտեն, որ Ադրբեջանը Իսրայելի պլացդարմն է հանդիսանում և գնալով զարգանում է ընդդեմ Իրանի։ Ի պատասխան նաև Իրանն է զարգացնում իր կապերը Սաուդյան Արաբիայի հետ»։

Մինչև ուր կարող է հասնել Իսրայելի ու Ադրբեջանի լարվածությունը Իրանի հետ։ Արման Ղուկասյանի կարծիքով, զարգացումները մեծ մասամբ պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմով։

Back to top button