Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Առաջին անգամ ես տեսա մարդու, որն արտաքինից որևէ վնասվածք չունի, բայց մահանում է․ Ավետիք Կալամդարյան. «Կյանքին ասել այո՛»

Ավետիք Կալամդարյանը ծնվել է 1999 թվականի մարտի չորսին։ Ինը տարեկանից ակորդեոն է նվագել, հաճախել երաժշտական դպրոց, սովորել է Աշոտ Ղազարյանի ստուդիայում։ Ի սկզբանե ցանկանում էր Կոնսերվատորիա ընդունվել, բայց վճռեց՝ լուրջ որոշումները կայացնել բանակից հետո։ 2017-2019 թվականներին ծառայել է Հադրութում, երբ բանակից վերադարձավ, օկորդեոնահար դառնալու ցանկությունը զիջել էր դերասան դառնալու ցանկությանը։ 2020-ին ընդունվեց Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժին։ Այժմ երրորդ կուրսում է։ 44-օրյային Ավետիքը մասնակցել է որպես կամավորական։ «Առաջին անգամ ես տեսա մարդու, որն արտաքինից որևէ վնասվածք չունի, բայց մահանում է, հավանաբար ներքին արյունահոսություն էր։ Կան դրվագներ, որոնք անգամ կարոտով եմ հիշում, բայց միևնույնն է, պատերազմը մնում է պատերազմ։ Պատերազմի իմ վերջնակետը Շուշին էր, նոյեմբերի 6-ին Շուշիում վիրավորվեցի ու տուն վերադարձա»,-պատմում է Ավետիքը։ Պատերազմի վերքերն ու հիշողություններն այսօր փորձում է հաղթահարել պարզապես ապրելով, ստեղծագործելով։

Back to top button