ԿարևորՀասարակություն

Պեգասուսով վարակումների հետևում Ադրբեջանի «ձեռքն» է․ մասնագետներն ահազանգում են կիբերզենքի կիրառման մասին

Գաղտնալսող Պեգասուսի մասին հերթական գաղտնազերծումը դարձյալ իրար է խառնել կիբերանվտանգության փորձագետներին։ Իրավապաշտպան կազմակերպությունների ու ՏՏ ոլորտի փորձագետների համատեղ հետաքննությունը տարբեր փաստերի թվում  նաև բացահայտել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից  հետո Հայաստանի տարբեր ոլորտների մեկ տասնյակից ավելի գործիչներ գաղտնալսվել են իսրայելական Պեգասուս լրտեսական ծրագրով։ Մեդիափորձագետներն ու կիբերանվտանգության մասնագետները համոզված են՝ լրտեսական ծրագրով վարակումների հետևում ադրբեջանական ուժերն են։

Իսրայելը թույլ է տվել, որ Ադրբեջանը 2020-ի պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանի դեմ մեծաքանակ կիբերզենք կիրառի․ խոսքը աղմկահարույց Պեգասուս լրտեսական ծրագրի մասին է։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ սա թերևս առաջին դեպքն է, երբ Պեգասուսով հարձակումները տեղի են ունեցել հենց պատերազմական գործողությունների ժամանակ․ այս առումով Հայաստանի դեպքը բացառիկ է և խաղի կանոններից դուրս՝ ընդգծում է մասնագետը։

«Պեգասուսն ավելի վտանգավոր է, որ այդ ծրագիրը կարողանում է կիրառել մի երկիր, որը չունի այդ ունակությունները։ Այսինքն՝ Ադրբեջանն ինքնուրույն երբեք չի կարող ստեղծել Պեգասուսի նման ինչ-որ մի բան, հետևաբար՝ մենք՝ որպես երկիր, կիբերանվտանգության պաշտպանությունը ստեղծելիս Ադրբեջանին այդ հարցում որպես սպառնալիք չենք դիտարկում։ Այլ կերպ ասած՝ սա նաև խաղի կանոնների խախտում է»,– ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Իրավապաշտպան կազմակերպությունների ու ՏՏ ոլորտի փորձագետների համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր  առնվազն13 հայ հասարակական գործիչ և պաշտոնատար անձ՝ այդ թվում լրագրողներ ու իրավապաշտպաններ, դարձել են լրտեսական ծրագրի  թիրախ։ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ Պեգասուսով հարձակման ենթարկված մարդկանց թիվը մինչև անգամ 5 տասնյակի կարող է հասնել, պարզապես բոլորը չեն համաձայնել հրապարակել իրենց անունները կամ թույլ տալ մասնագետներին ուսումնասիրություն անել։

«Վիրուսների մեծ մասը ենթադրում է, որ Դուք պետք է, օրինակ, ինչ–որ բան քաշեք, ինչ–որ բանի վրա սեղմեք, իսկ Պեգասուսի դեպքում դա այդպես չէ։ Դուք կարող եք շատ զգուշ լինել, ոչ մի կասկածելի բան չանել, բայց «վարակվել»։  

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ Պեգասուսն արտադրող իսրայելական ընկերությունը պարբերաբար «լրամշակումներ» է անում՝ այդպիսով գրեթե անհնար  դարձնելով վարակվելու մեծանիզմը բացահայտելը։

«Կար ժամանակ, երբ Պեգասուսով վարակվում էին՝ ինչ–որ բանի վրա «քլիք» անելով, եղել են դեպքեր, երբ վարակումը եղել է imassige–ի միջոցով կամ whatsapp–ի։ Դուք կարող էք ինչ–որ անծանոթ համարից գիֆ կամ զանգ ստանալ, այդ զանգին չպատասխանեք, բայց վարակվեք։ Ծրագիրը, սակայն, անընդհատ զարգանում է, և հենց հիմա մենք չգիտենք, թե դա ինչպես է տարածվում»,– ասում է Մարտիրոսյանը։

Չնայած՝ Պեգասուսն արտադրող ընկերությունը մասնավոր կազմակերպություն է, Իսրայելը պետական մակարդակում վաճառքի թույլտվություն է տալիս։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ և տեղական, և միջազգային փորձագետներից շատերը համոզված են, որ հայկական վարակումները հենց Ադրբեջանի «ձեռքի գործն» են, սա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը թույլ է տվել Ադրբեջանին կիբեր տեսակի զենք կիրառել Հայաստանի դեմ։

«Կիրառման թիրախների ընտրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի կառավարության համար նրանք այնքան էլ հետաքրքիր թիրախներ չէին։ Օրինակ՝ Աննա Նաղդալյանը եղել է ԱԳՆ–ի խոսնակը, և տեսնում ենք, որ պատերազմի ժամանակ բանակցային գործընթացների ժամանակ նրան անընդհատ վարակել են։ Ի դեպ՝ վարակումները բավական թանկ են, օրինակ՝ Նաղդալյանի դեպքում խոսք է գնում մի կես միլիոն դոլարի մասին, մի քիչ անտրամաբանական կլինի, եթե մտածենք, որ մեր հատուկ ծառայությունները այդ գումարը ծախսեին Աննա Նաղդալյանին գաղտնալսելու համար»,– մանրամասնում է մեդիափորձագետը։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ–ի աշխատակիցներ ու քաղհասարակության ևս 7 ներկայացուցիչ․ Հայաստանում Pegasus-ով վարակման առաջին փուլը համընկնում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանի, երկրորդ փուլը 2022թ Սոչիում և Պրահայում ընթացող  բանակցությունների, ապա նաև՝ նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման փուլի հետ։ 

«Արտադրող ընկերությունը հայտարարում է, որ ինքը թույլ չի տալիս միջպետական վարակումներ, այլ տրամադրում է ծրագիրը, օրինակ, ոստիկանությանը, որ տվյալ երկիրը իր երկրում գաղտնալսումներ անի։ Հայաստանի պարագայում մենք տեսնում ենք, որ փաստացի կիրառվել է մի երկրի կողմից  մյուս երկրի դեմ, ընդ որում՝ ռազմական գործողությունների ժամանակ, այսինքն՝ սա փաստացի կիբեր զենքի կիրառում է մի երկրից մյուսի դեմ»։

Լրտես-ծրագրերը շատ են, ու մեր օրերում յուրաքանչյուրին կարելի է հեշտությամբ գաղտնալսել, բայց առկա ծրագրային բազմազանության մեջ Pegasus-ը ամենահզորն է։ Դրա դեմ հակավիրուսային ծրագրեր կամ հակաքայլեր գրեթե չկան՝ ասում են մասնագետները։

Back to top button