ԿարևորՀասարակություն

Արցախում կձեռնարկվեն բոլոր միջոցները տեղական արտադրանքի մրցունակությունն ու իրացումն ապահովելու համար

Այսօր տեղի է ունեցել հումանիտար ապրանքների մատակարարման, տեղական գյուղատնտեսական մթերքի իրացման, շուկայում մանրածախ ու մեծածախ գների վերահսկման, տեղական արտադրողին աջակցելու հարցերի շուրջ հերթական խորհրդակցությունը: Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց զեկույցները, վերջին շրջանում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ բերված թերություններն ու կատարելագործման ենթակա ուղղությունները, Ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Քննարկման արդյունքներով որոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին և նրանց կողմից ապրանքը շուկա դուրս բերելու գործին և ձեռնարկել բոլոր միջոցները տեղական արտադրանքի մրցունակությունն ու իրացումն ապահովելու համար:

Նշվում է, որ այսուհետ ևս ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը շարունակելու է սահմանել շուկայում ապրանքների մանրածախ ու մեծածախ գների առավելագույն չափը, իսկ պետական տեսչությունների կոմիտեի տեսուչները Ստեփանակերտում և շրջաններում իրականացնելու են գների մոնիթորինգ՝ խախտում թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կիրառելով պետական հարկադրանքի միջոցներ:

«Կրկին անգամ խնդրում և հորդորում ենք շուկայում սահմանված գներից թանկ վաճառվող ապրանք հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հաղորդել ԱՀ պետական տեսչությունների կոմիտեին՝ զանգահարելով 5099 կարճ համարին»,- գրել է Գուրգեն Ներսիսյանը:

Back to top button