ԿարևորՀասարակություն

1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է ու ժառանգությունը․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ հղել Հանրապետության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ:

Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողություն էր, այնուամենայնիվ, նոր դարաշրջանի սկիզբն էր, որն անշրջելի էր լինելու ժողովրդավարության եւ մեր օրերի Հանրապետությանը հասնելու համար:

Մեր ժողովրդի համար օրհասական պահին ստեղծված Հանրապետությունը ինքնակազմակերպման, ընտրությունների միջոցով կամարտահայտության եւ ազատատենչության կարեւոր մարմնավորումն էր:

Ամեն տարի այս օրը մենք հպարտությամբ ենք հիշում 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, մեր հերոսներին, որոնց անհավանական սխրանքները փառավորում են մեր ինքնությունը, սնում մեր էությունը: Եվ ինչպես մեր գոյամարտի վերաբերյալ տարբեր աշխատություններում է գրված. «Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»:

Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում, որոնք ուսումնասիրման, առերեսման եւ խորհելու մեծ հնարավորություն են տալիս սերունդներին:

1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է ու ժառանգությունը, մեր պետականության հիմնաքարը, որի դրական եւ մնայուն արժեքները պահպանելու եւ ամրացնելու պատասխանատվություն ունենք:

Շնորհավոր տոնդ Հայաստանի Առաջին Հանրապետություն, հարգանք եւ խոնարհում պետականության ճանապարհին ընկած հերոսների եւ այն կերտող պետական գործիչների հիշատակին»:

Back to top button