ԿարևորՀասարակություն

Մայիսի 28-ին տոնում ենք Առաջին Հանրապետության ստեղծման և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի 105-ամյակը

Այսօր՝ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Մայիսյան հերոսամարտերում (Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում) տարած հաղթանակի 105-ամյակը:

1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Ընդունվեց հռչակագիր, որում ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Առաջին հանրապետությունը ծնունդ առավ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո և գոյատեւեց ընդհամենը 2 տարի՝ մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Իսկ 1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը Առաջին Հանրապետության օրն է:

Back to top button