Ժամանակի վկան

«Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» աշխատությունը հեղինակների մեկնաբանմամբ․ «Ժամանակի վկան»

Հայոց ցեղասպանության տարիներին ահռելի մեծ թվով երեխաների թուրքացման մահվան և կրոնափոխության տարատեսակ հանգամանքներն առանձին հետազոտությամբ քննության են առել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանը, Ռեգինա Գալուստյանը, Շուշան Խաչատրյանը և Էլինա Միրզոյանը։ Հետազոտությունը համահեղինակությամբ վերջերս հրատարակվել է առանձին գրքով, որտեղ հեղինակները նշված թեման ներկայացնում են պատմական, իրավական, կրոնական, գաղափարական տեսանկյուններից: 

«Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով գրքի մասին առաջին հաղորդումը կարող եք գտնել Հանրային ռադիոյի պաշտոնական էլեկտրոնային կայքէջի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։ Իսկ այս հաղորդման ընթացքում հեղինակներից Էդիտա Գզոյանը կմանրամասնի չորրորդ գլխի բովանդակությունը, որի ստեղծմանը մասնակցել են նաև Ռեգինա Գալուստյանը և Շուշան Խաչատրյանը։ Իսկ գրքի վերջին՝ հինգերորդ գլուխը, կներկայացնի համատեղ աշխատության համահեղինակ՝ բ.գ.թ. Էլինա Միրզոյանը։

Նախ ներկայացնեմ առաջին երեք գլուխների համառոտ բովադակությունը։ Առաջին գլխում հեղինակը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն  Էդիտա Գզոյանը վեր է հանում երեխաների բռնի տեղափոխման վերաբերյալ իրավական հայեցակետերը, դրվագներ մեջբերում և վերլուծում երեխաների բռնի տեղափոխման պատմությունից, ներկայացնում երեխաների բռնի տեղափոխման մասին գործերը, որոնք առկա են միջազգային և ազգային դատարաններում։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը հեղինակել է աշխատության երկրորդ գլուխը՝ «Ցեղասպանական բռնի տեղափոխում․ հայ երեխաները թուրքական ռասայական ազգայնականության համատեքստում» վերնագրով։ Նա հանգամանալից բացատրում է ռասիզմը և դրա ակունքները, փաստեր է բերում այն անհատների մասին, որոնք տարածել են ռասիզմի գաղափարները, ցույց է տալիս, թե ինչպես են հայ և քուրդ երեխաները հայտնվում իթթիհատական ազգաստեղծման պետական ծրագրի թիրախում, մանրամասնում է հայ երեխաների ոչնչացման, ազգափոխման, կրոնափոխման առանձնահատկությունները, դրանք բխեցնելով թուրքական ռասայական ազգայնականության տեսությունից։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Շուշան Խաչատրյանը հեղինակել է  աշխատության երրորդ գլուխը՝ «Հայ երեխաների կրոնական-ազգային ինքնությունը երիտթուրքերի թիրախում (թուրքացմամբ զբաղվող որբանոցների օրինակով)» վերնագրով։ Հեղինակը քննության է առել տարբեր որբանոցներում գտնվող հայ երեխաների վիճակը, օրինակ՝ ինչպես էր ենիչերական ինստիտուտի վերարծարծումն ու նոր ինքնության սերմանումը կամ կուլտիվացումը կատարվում Անթուրայի որբանոցում, որն առավելապես գործել է որպես զինվորական որբանոց, բացատրում է պանթուրքիզմի «նոր մարդ» տեսությունը և եվգենիկայի դրսևորումները։ Հիշեցնեմ, որ ռասիստները և հետադեմ գիտնականները եվգենիկայի տեսությունն օգտագործել են «ոչ լիարժեք ցեղերի և ժողովուրդների» դեմ պայքարելու նպատակով։ Եվգենիստներն առաջարկում էին սելեկցիայի միջոցով (որը կիրառելի է միայն կենդանական և բուսակաև աշխարհում) բարելավել մարդկային ցեղերը։ Եվգենիկայի տեսությունների հիման վրա հետագայում զարգացավ նաև գերմանական եվգենիկան կամ ֆաշիստական ռասայական տեսությունը։

Հեղինակը նաև ներկայացնում է թուրքացման և իսլամացման հաջորդական քայլերը, ինչպես նաև ազգային, կրոնական, մշակութային ինքնության պահպանմանն ուղղված հակաքայլերը, որոնք կատարում էին հայ որբերը որբանոցներում։

Այս երեք գլուխներում արծարծված թեմաներին ավելի հանգամանալից կարող եք ծանոթանալ՝ լսելով «Ժամանակի վկան» հաղորդաշարի մայիսի 20-ի հաղորդումը։

«Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» աշխատության չորրորդ գլուխը վերնագրված է «Հայոց ցեղասպանության տարիներին բռնի տեղափոխվածներին վերադարձնելու ջանքերը․ Չեզոք տան գործունեությունը»։ Հիշեցնեմ ունկնդիրներին, որ այս գլուխը համատեղ աշխատանքի արդյունք է։ Հեղինակները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երեք գիտաշխատողներն են՝ Էդիտա Գզոյանը, Ռեգինա Գալուստյանը, Շուշան Խաչատրյանը։ Լսենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանին։

Այժմ անդրադառնանք համատեղ աշխատության հինգերորդ գլխին, որը վերնագրված է․ «Հայ երեխաները Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության համատեքստում․ տեսություններ, թեզեր և հակաթեզեր», և որը հեղինակել է բ.գ.թ. Էլինա Միրզոյանը։

Վերջում հավելեմ, որ աշխատությունը համալրված է լուսանկարների, աղյուսակների, սխեմաների, վկայությունների հավելվածներով։ Բոլոր գիտական նորույթներով հանդերձ հետազոտությունն, անշուշտ, կնպաստի ցեղասպանության հանցագործության ընդհանուր ճանաճողության բարձրացմանը։  Աշխատությունը նախատեսված է ցեղասպանագետների, պատմաբանների, թուրքագետների և, իհարկե, թեմայով հետաքրքրվող ընթերցողի համար։

Back to top button