Ի՞նչ են փոխում արվեստի փառատոններն ու միջոցառումները մշակութային կյանքում, ինչո՞վ են նպաստում մշակութային նոր ռազմավարությունների զարգացմանը, ինչպե՞ս է արձագանքում հասարակությունը մշակութային իրադարձություններին։
«Հայարտ» մշակութային կենտրոնի տնօրեն Մարինե Կարոյանի տպավորությամբ` մշակութային կազմակերպություններն այսօր անում են իրենց լավագույնը՝ հասարակությանը hետպատերազմյա թմբիրից դուրս բերելու համար, ու եթե կա սպառողի պակաս, ուրեմն դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել և աշխատել։
Մարինե Կարոյանը «Հայ արտ» կենտրոնը բնորոշում է որպես յուրահատուկ կազմակերպություն, որը ստեղծվել է հակասությունների արդյունքում, ապրում և շարունակում է գործել հակասությունների մեջ։ Այն հակաթանգարանային է, որտեղ պատերից բացի ոչ մի ֆիքսված բան չկա։
««Հայ արտի» ճարտարապետությունն ու շենքը թույլ են տալիս, որ մեծ բաներ տեղի ունենա այնտեղ, Հայաստանում շատ չեն նման տարածքները , դա ունիկալ տարածք է և քանի որ ոչ մի հիմնական ցուցադրություն չունի, ինչպես այլ թանգարանների դեպքում, միշտ պատրաստ է վերցնել նորը և նոր բաներ ցուցադրել», – ասում է Մարինե Կարոյանը։
Խոսելով «Հայ արտի» տարածքում իրար հաջորդող փառատոնների մասին և անդրադառնալով «Արե» փառատոնին` Մարինե Կարոյանը նշում է, որ կենտրոնում երիտասարդ արվեստագետները հանդես են գալիս արդի արվեստի համաշխարհային, կայացած դեմքերի հետ՝ հավելելով, որ փառատոնների հետ նոր ալիքներ են գալիս, նոր մտքեր, նոր կապեր, նոր համագործակցություններ։