Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմից մինչև հիմա էլ հետ չեմ եկել․ Հովհաննես Բուլաթյան․ «Կյանքին ասել այո՛»

Հովհաննես Բուլաթյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հենակետային վարժարանը, ապա՝ նույն համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ մալուխային տեխնիկաների ինժեներ է։ Ուսմանը զուգահեռ աշխատել է, զբաղվել արևելեյան մարտարվեստներով, պարով, նաև ֆիթնես մարզիչ է։ 2013-2015 թվականներին ժամկետային զինծառայություն է իրականացրել Վայոց ձորի զորամասերից մեկում։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական՝ «ՈՄԱ» գումարտակի կազմում։ Եղել է հիմնականում Քարվաճառում և Կարմիր շուկայի հատվածում։

«Պատերազմից մինչև հիմա էլ հետ չեմ եկել։ Երբ վերադարձա, անընդհատ փնտրում էի իմ հանգստության կտորը, որը գտա ՈՄԱ-ում»,-ասում է Հովհաննեսը։ Հիշյալ ռազմահայրենասիրական կազմակերպությունում նա այսօր աշխատում է որպես ֆիզիկական պատրաստության մարզիչ։ Առաջարկը պատերազմից հետո էր ստացել։ 2020-ի սեպտեմբերի 7-ին ՝ իր ծննդյան օրը, նշանվեց։ Նարինեի հետ ամուսնացան արդեն պատերազմից հետո՝ 2022-ի հունվարին։ Պատերազմից հետո փոխվեց ոչ միայն ընտանեկան կարգավիճակը, այլև մասնագիտությունը․ ՈՄԱ-ում իր աշակերտներից մեկը, որը հետագայում դարձավ ընտանիքի լավ բարեկամն ու քավորը, առաջարկեց՝ գիտելիքը փոխհատուցել գիտելիքով։

Ցանցային ադմինիստրացիային առնչվող նոր գիտելիքներն այսօր հաջողությամբ կիրառում է ՏՏ ոլորտում։ Նախանձախնդիր է հատկապես ռազմական գիտելիքների յուրացման ոլորտում, քանի որ պատերազմն, ըստ նրա, դեռ շարունակվում է, ու երբեք էլ չէր ավարտվել, միշտ պետք է պատրաստ լինել։

Back to top button