ԿարևորՀասարակություն

Ներքին Խնձորեսկի միակ շրջանավարտը խոստովանում է՝ դժվար է մշտապես լինել ուշադրության կենտրոնում

Սյունիքի մարզի 117 դպրոցներում սովորող 17448 աշակերտից դպրոցը ավարտում է 1036-ը՝ անցած տարվա 1087-ի փոխարեն։ Մարզի 9 դպրոցի 12-րդ դասարաններում սովորում էր մեկական աշակերտ։ Այդ դպրոցները հիմանականում սահմանային բնակավայրերում են։ Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանն է եղել սահմանային Ներքին Խնձորեսկում, որտեղ ևս մեկ շրջանավարտ կար այս տարի։

Նոննա Փանդունցը Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցի այս ուսումնական տարվա միակ շրջանավարտն է։ 29 աշակերտ ունի դպրոցը։ Նոննան ասում է՝ այնքան էլ իր սրտով չէր, որ միակն էր, քանի որ ուսուցիչները հետևողական են, ինքն էլ միշտ ուշադրության կենտրոնում էր։ Վերջին դասի տոնակատարությանը, սակայն Նոննան  բեմում միայնակ չի կանգնելու․

«Վերջին զանգի արարողությունն անում ենք 10-րդ և 11–րդ դասարանցի աղջիկների հետ։ 10-ում երկու աղջիկ են, 11-ում մեկ աղջիկ։ 4 հոգով մեր վերջին զանգն է, այսինքն՝ իմ վերջին զանգը»։

Ներքին Խնձորեսկի դպրոցի 8-րդ և 9-րդ դասարաններում երեք տղա է սովորում։ 9-րդ դասարանի միակ աշակերտը Նոննայի եղբայրն է, որը սակայն չի ցանկացել բեմ բարձրանալ։ Քրոջն ասել է՝ տղայի գործը սահման պահելն է։ Սյունիքում ստեղծված իրավիճակը Նոննայի ու նրա համագյուղացի աշակերտների կյանքը հիմնովին փոխել է՝ ավելի աչալուրջ են դարձել, ասում է Նոննա Փանդունցը․

«Սկզբում շատ էի վախենում, մանավանդ մեր տունը իրենց ամենամոտիկն է, հիմա սովորական է։ Առաջ ժամ առ ժամ հեռադիտակը ձեռքիս մեր բալկոնից իրենց էի հետևում, արդեն մի տարի է՝ չեմ նայում։ Սովորական է դարձել»։

Դպրոցի տնօրեն Անուշիկ Գրիգորյանը համամիտ է իրենց շրջանավարտի հետ։ Տնօրենի երեք թոռներն էլ են դպրոցական։ Ասում է՝ Ներքին Խնձորեսկի ավագ սերնդի բնակիչները 90-ականներին դարձյալ հայ–ադրբեջանական հակամարտության կիզակետում էին․

«Մի տեսակ թշնամու մոտեցումը մեր սահմանին մի քիչ թեթև տարանք։ Ճիշտ է, նախնական շրջանում կար խուճապ, բայց ոչ մեկը գյուղը չլքեց, երեխաները հանգիստ են։ Միայն եթե մի բարձր ձայն է գալիս կամ ուժեղ քամի է լինում, աշակերտները զգաստանում են, նայում են աջ ու ձախ, մտածում են՝ թշնամին մոտեցել է մեզ»։

Ներքին Խնձորեսկի միակ շրջանավարտ Նոննա Փանդունցը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան ընդունվելու հայտ է ներկայցրել։ Վերջին դասի նախօրեին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է այցելել Ներքին Խնձորեսկի դպրոց։ Մարզպետը պատմում է՝ ինքն էլ է ժամանակին իրենց դպրոցի միակ շրջանավարտը եղել, այս տարի էլ դուստրն է ավարտում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի դպրոցը․

«Կարևորը որ դպրոցը ավարտող երեխաները լինեն շատ խելացի։ Եվ հստակ իմանան իրենց անելիքները երկրի համար, հողի համար, բայց ամենակարևորը իրենք մաքսիում գիտելիքներ հավաքեն, որ կարողանան պիտանի լինեն երկրին»։

Սյունիքի մարզի 117 դպրոցներում սովորող 17448 աշակերտներից 1036-ն այսօր հրաժեշտ տվեցին դպրոցին։ Ի դեպ՝ Ներքին Խնձորեսկը միակը չէ աշակերտների սակավության առումով։ Մարզի ևս 9 դպրոցի 12-րդ դասարաններում մեկական աշակերտ էր սովորում։

Back to top button