ԿարևորՏնտեսական

ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրերը կիսատ են մնում․ գումարը կա, կատարողը՝ ոչ

Հայկական ատոմային էլեկտրակայանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մոտ 1․8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է ներկայացրել։ Սա, ըստ կայանի պատասխանատուների, ատոմակայանի վերազինման աշխատանքների հետ կապ չունի։ Անցյալ տարի նույնպես ատոմակայանը ներդրումային ծրագրի նախագիծ էր ներկայացրել, և հանձնաժողովն այն հաստատել էր։ Բայց ծախսվել է գումարի կեսն ու իրականացվել խոստացված ծրագրերի մի մասը միայն։ Մայիսի 5–ից վերազինման համար Մեծամորի ատոմակայանը 75 օրով դադարեցրել է աշխատանքը։ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին:

2023 թվականին ՀԱԷԿ–ում շուրջ 1․8 մլրդ դրամի ներդրում կկատարվի։ Գումարը, ըստ ՀԾԿՀ զարգացման ծրագրերի բաժնի պետ Դավիթ Մուրադյանի, երկու ուղղությամբ է ծախսվելու․

«Գումարի հիմնական մասը՝ 80 տոկոսը, ծախսվելու է երկու ուղղությամբ՝ վարժասարքի կատարելագործման համար։  Կառավարման վահանակը, որը առկա է ատոմակայանում, նույնությամբ կրկնվում է վարժասարքի տեսքով։ Այստեղ հերթափոխերը սովորում են, պարապում են, վթարների ժամանակ իրենց գործողություններն են զարգացնում։ Մյուս մասն ուղղվելու է արտադրական բնականոն գործունեությանը՝ ձեռք բերելու սարքավորումներ, չափիչ սարքեր»։

Ատոմակայանը նաև ազդարարման համակարգ կունենա։ Սա պահանջ է՝ ատոմակայանները պետք է ունենան ազդարարման համակարգ, որ հնարավոր աղետների դեպքում տեղեկացնեն բնակիչությանը։ 2022–ին ՀԱԷԿ–ը 1․3 մլրդ դրամի ներդրումային ծրագիր էր ներկայացրել ՀԾԿՀ, բայց ծախսվել է այդ գումարի կեսը միայն։ Իրականացվել է խոստացված ծրագրերի մի մասը։ Թե ինչու՞, պարզաբանում է ՀԱԷԿ–ի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ալեքսանդր Գալոյանը․

«Հիմնական պատճառը չկայացվող տենդերներն են, որ հայտարարում ենք, չի կայանում։ Նաև՝ ձգձգվում են։ Դա է պատճառը, որ ներդրումային ծրագիրը չի կատրվում այն մասշտաբով, որով նախատեսված է»։

Գալոյանը հստակեցնում է՝ սա ներդրումային ծրագիր է, կապ չունի ատոմակայանի վերազինման հետ։ Մեծամորի ատոմակայանը, ինչպես ամեն տարի, վերազինման նպատակով մայիսի 5–ից 75 օրով դադարեցրել է աշխատանքները։ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին:

Մեծամորի ատոմակայանը վերահսկվում է էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏէ–ի կողմից։ Կառույցի մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան, ստուգում, թե ինչ վիճակում է ատոմակայանը։

ՀԱԷԿ–ի ամենաերկար դադարը 2021 թվականին էր՝ մայիսի 15–ից մինչև հոկտեմբերի 15–ը։ Այդ ընթացքում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը, ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը․

«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ–ի պահանջներին»։

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կգործի մինչև 2036 թվականը։ Սա արդեն պաշտոնապես ամրագրված է կառավարության որոշմամբ։ Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել էր դեռ 2012-ին։ Հայաստանի և Ռուսաստանի միջև վարկային համաձայնագիր էր կնքվել, որով 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ էր հատկացվել կայանի արդիականացման և վերազինման համար։ Կառավարության որոշմամբ այս ընթացքում այդ աշխատանքներին ուղղվել է շուրջ 189 մլն դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներից, շուրջ 63.2 մլրդ դրամ էլ՝ պետական բյուջեից։ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն այս պահին ուսումնասիրման փուլում է։

Back to top button