ԿարևորՔաղաքական

Պայմանագրի ստորագրման դեպքում հարցականի տակ է դրվելու Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն միավորի գոյությունը․ Տիգրան Գրիգորյան

Հունիսի 1-ին Քիշնևում քիչ հավանական է խաղաղության պայմանագրի ստորագրումը` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Ըստ նրա` Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները, ուստի մինչև հունիսի 1-ը դժվար թե կողմերին հաջողվի վիճելի հարցերի վերաբերյալ համաձայնության գալ։ Ըստ քաղաքագետի` մայիսի 25-ին մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին չի հաջողվել  բովանդակային բանակցություններ ծավալել Խաղաղության պայմանագրի օրակարգի շուրջ, ավելին` հիմնական օրակարգի, ապաշրջափակման հարցերի  շուրջ ևս չի հաջողվել համաձայնության հասնել։ 

«Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հարցականի տակ է դրվելու Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն պետական միավորի գոյությունը. եթե Հայաստանը ստորագրի փաստաթուղթ, և եթե Ադրբեջանին հաջողի այդ փաստաթղթում ներառել կետ, ըստ որի՝ կողմերը զերծ են մնում միմյանց ներքին գործերին միջամտելուց, ապա պարզ չէ, թե Հայաստանի և Արցախի միջև մինչ այսօր գոյություն ունեցող կապերը ինչպես են պահպանվելու։ Ադրբեջանը, վստահաբար, օգտագործելու է այդ փաստաթուղթը նմանատիպ կապերը զրոյացնելու համար։ Պարզ չէ, թե կարողանալու է արդյոք Հայաստանը ֆինանսատնտեսական աջակցություն ցուցաբերել Արցախին, առանց որի՝ Լեռնային Ղարաբաղում կվտանգվի պետական ապարատը։ Բացի դրանից՝  խնդիրներ են առաջանալու նաև Արցախում ապրող բնակչության անձնագրերի հետ կապված. Ադրբեջանը փորձելու է պարտադրել ադրբեջանական անձնագրեր, այս հարցերին հայկական իշխանությունների կողմից որևէ պատասխան չի տրվում, ուստի այս փուլում ելքերի մասին խոսելը դժվար է»,- ասում է քաղաքագետը։         

Ինչ վերաբերում է երաշխավորների կամ  դիտորդների ինստիտուտի գործարկմանը, ապա ըստ Գրիգորյանի, որևէ միջազգային առաքելություն չի կարող մտնել Լաչինի միջանցք կամ Լեռնային Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի համաձայնության, բացի այդ Ռուսաստանը ևս դեմ է միջազգային ներգրավվածությանը Արցախի հետ կապված հարցերում, քանի որ այն համարում է իր մենաշնորհային շահի կամ ազդեցության գոտի։

Back to top button