ԿարևորՔաղաքական

Հավանակա՞ն  է փաստաթղթի արագ  ստորագրումը․ միջնորդներն ու Բաքուն սեղմ ժամկետներ են նշում

Նախօրեին Մոսկվայում  ուշ երեկոյան ավարտված եռակողմ հանդիպման արդյունքում թեև որևէ փաստաթուղթ չի ընդունվել, բայց միջնորդները վստահ են, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում հնարավոր է։ Նման լավատեսություն ունեն ոչ միայն Մոսկվան ու Վաշինգտոնը, այլ նաև Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։ Նա հույս է հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես Խաղաղության պայմանագիր կստորագրվի։ ՌԴ մայրաքաղաքում ձեռք բերված համաձայնությունների շուրջ քննարկումը հաջորդ շաբաթ շարունակվելու է․ հանդիպումներ են նախատեսվում Մոսկվայում ու Քիշնևում։ Մինչ այդ հայկական կողմը խորհրդարանական մեծամասնության միջոցով պնդում է ՝ պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ համաձայնություն դեռևս չկա։

Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հադնիպումը Մոսկվայում տևել է ընդամենը 20 րոպե, իսկ ավարտին ոչ մի հայտարարություն չի ընդունվել՝ հակառակ ռուսական մամուլի այն ենթադրությունների, թե հնարավոր է երկու փաստաթղթի ստորագրում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ճիշտ չեն համարում մեկնաբանել բանակցային նրբություններին վերաբերող հարցերը, իսկ եռակողմ հանդիպման տևողությունը տապալման հիմք չեն համարում։  

Արթուր Հովհաննիսյան․ «Չէ, չենք կարող ասել, որ տապալվել է։ Եռակողմ հանդիպման մանրամասների վերաբերյալ վստահաբար կլինի համապատասխան հայտարարություն, և դրան կլինի առանձին անդրադարձ։ Եռակողմ հանդիպումից առաջ նաև այլ երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել, այլ ֆորմատով աշխատանքներ են եղել, դրա համար հնարավոր համարում եմ, որ վերջնական հանդիպումը կարճ տևի։ Հիմա կարծում եմ՝ այս մասով վերլուծությունների կարիք չկա, սպասենք վերջնական տեղեկատվությանը»։

Վլադիմիր Վարդանյան․ «Ինչուների վերաբերյալ կարող են շատ մտավարժանքներ լինել։ Փաստը մնում է փաստ, որ հանդիպումը տեղի է ունեցել, տևել է որոշակի ժամանակահատված, հանդիպման ավարտին չի եղել հայտարարություն։ Բայց որևէ հայտարարություն առ այն, որ բանակցային գործընթացը չի շարունակվելու ևս չկա, և մենք, ըստ էության, առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ բանակցային գործընթացը շարունակվելու է»։

Այս պահին հարց է, թե ինչ հերթականությամբ է շարունակվելու է բանակցային գործընթացը։ Մոսկովյան հանդիպման առարկայական արդյունքը այն համաձայնությունն է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում աշխատելու է ապաշրջափակման հարցերով զբաղվող փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային հանձնաժողովը։ Օրը դեռ չի հրապարակվել, այնպես որ՝ հարց է, թե որ հանդիպումն է առաջինը տեղի ունենալու՝ մոսկվյան հերթակա՞նը, թե՞  հունիսի 1–ին Քիշնևում ծրագրված հնգակողմ հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ու մասնակցությամբ։  

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը չի կիսում Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի լավատեսությունը, թե հունիսի 1–ին Քիշնևում կարող է պայմանագիր ստորագրվել։  

«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի ասածն իրականություն չի դառնա Քիշնևում։ Շարունակվելու են այս կարգի հանդիպումները տարբեր մայրաքաղաքներում։ Մոսկվայի մասին․ հերթական հանդիպումը, գործընթացը, Վաշինգտոն, ԵՄ զարգացումներից հետո։ Ես ակնկալիք չունեի, որ որևէ համատեղ հայտարարություն, որևէ բան է ընդունվելու։ Երևի 2–3%–ի հավանականություն կար, որ տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ կարող է մի եռակողմ հայտարարություն լինել, բայց դա էլ չեղավ»։

Մոսկվայում, սակայն, գրանցվեց բանավեճ Փաշինյանի և Ալիևի միջև։

Հայաստանի վարչապետին նյարդայնացնում է Ալիևի «միջանցքային» խոսույթը, իսկ Ադրբեջանի նախագահը ի լուր բոլորի հայտարարում է, որ տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ չունի։

Ճիշտ տերմինաբանությունը կարևորում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ չնայած բարդություններին ու խնդիրներին, որոնք դեռևս բավական շատ են, այնուամենայնիվ, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ։ Տպավորություն ունի, որ խոչընդոտները հաղթահարելի են։ Պուտինը հավելում է, որ տերմինների հիմքում պետք է լինի իրողությունների և իրադարձությունների հստակ պատկերացումը։

Հայաստանի նկատմամբ հավակնություններ չունենալու Ալիևի հայտարարությունն անկեղծ չի համարում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա համոզված է, որ ադրբեջանցիները դեռ շատ հարցեր են բերելու օրակարգ։ Նոր հավակնությունների համար, ըստ պատգամավորի, հիմք է ստեղծվում այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի», «անկլավների» մասին խոսույթով։ Ընդդիմադիրները, ընդհանուր առմամբ,  դժգոհ են բանակցություններից՝ անկախ նրանից, թե որ մայրաքաղաքում են դրանք  տեղի ունենում։

«Այստեղ կա բավականին մեծ խնդիր։ Դա այն է, որ Հայաստանի իշխանությունը հրապարակային արդեն իսկ արձանագրել է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Մի բան, ինչը փորձում էին հերքել, բայց արդեն շատ ակնհայտ դարձավ, որ այս իշխանության նպատակը դա է, և նա գնում է հետևողականորեն այդ օրակարգի իրականացմանը։ Չի բացառվում, որ ինչպես նոյեմբերի 9–ի փաստաթղթի դեպքում եղավ, Ադրբեջանն առաջնային ձևով փորձելու է իրացման դաշտ բերել հնարավոր հանձնման այն տարածքները, որոնք վերաբերում են Հայաստանին, բայց ինչ վերաբերում է իր պարտականությունների կատարմանը՝ դե լիմիտացիայի, դեմարկացիայի կամ մեկ այլ փաստաթղթի շրջանակներում, դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվելու»։  

Բանակցությունների այս փուլի դրական ազդակների մասին խոսում է նաև Արևմուտքը։

Վաշինգտոնն աջակցում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը։

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ դահլիճում չէին, բայց այդ հարցն առաջնային են համարում։ Միլերը վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, թե համաձայնությունը հասանելի է, և երկու կողմերը պետք է միասին աշխատեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։

Միլերը նաև գրառում է արել Թվիթերում՝ գնահատելի համարելով տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու կողմերի հանձնառությունը։

Չնայած միջազգային գործընկերների դրվատանքին ու լավատեսությանը՝ հայկական կողմը խորհրդարանական մեծամասնության միջոցով շարունակում է պնդել՝ պայմանագրի առանցքային և սկզբունքային կետերի շուրջ համաձայնություն դեռևս չկա։

Back to top button