ԿարևորՀասարակություն

Թվային թե/և թղթային գրքի փառաՏոնի կարևոր «էջերը»

Երևանում ընթանում է գրքային ամենամեծ միջոցառումը՝ Գրքի երևանյան փառատոնը։ Արդեն 6-րդ անգամ իրականացվող փառատոնի հասցեն այս անգամ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն է: Եռօրյա միջոցառումը գրական միջոցառումներ, քննարկումներ, տոնավաճառ, գրքերը զեղչով ձեռք բերելու հնարավորություն է առաջարկում:

Ներածություն

Չինական հին դինաստիայի ժամանակաշրջանում փայտի վրա տեքստ փորագրվեց: Փայտը կաղապար դարձավ, պատվեց թանաքով ու օգտագործվեց էջը կրկնօրինակելու համար: 868 թվականին այդ մեթոդով առաջին գիրքը՝ «Ադամանդե սուտրա»-ն տպագրվեց։ 14-րդ դարում արդեն Եվրոպայում սկսեցին գրքեր տպագրել:

Պատմությունը մեզ փոխանցում է այս տեղեկությունը՝ խնամքով թաքնվելով՝ ընդդիմություն կա՞ր։ Օրինակ՝ մարդիկ խոսո՞ւմ էին այն մասին, որ չեն կարող գիրք կարդալ՝ առանց ժայռը շոշափելու կամ որ «պապիրուսները լավը չեն, թարմ փորագրած քարի հոտն ուրիշ է»:

ժայռապատկերին փոխարինած մագաղաթին, պապիրուսին փոխարինած թղթին այսօր փորձում է թվայնացված գիրքը փոխարինել։ Բայց մրցակցությունը դեռ թունդ է` հազարավոր թղթային գրքեր են տպագրվում, թղթային գրքին հավատարիմ հազարավոր մարդիկ փառատոների են մասնակցում:

Գլուխ 1. Գնողն ու վաճառողը

«Մարդիկ սպասում են այս օրը գա, զեղչերով ձեռք բերեն, որովհետև երբ դուք համադրում եք՝ որքան գիրք է հայերենով լույս տեսնում ամսվա մեջ, տարվա մեջ, ֆիզիկապես հնարավոր չէ այդքանը կարդալ, ոչ էլ ֆինանսապես հնարավոր է այդքանը գնել: Շոպագոլիկ պիտի լինես, որ ձեռք բերես»։

Գրքի երևանյան փառատոնի կայացման վեցերորդ տարվա երկրորդ օրը Դավիթ Սամվելյանը տաղավարներից մեկի առաջ մարդկանց գիրք է խորհուրդ տալիս: Գրող է, այլ գրողների գրքեր հրատարակող ընկերություններից մեկի գլխավոր խմբագիրը։ Այցելուներին գրքի լավ կողմերի մասին պատմելիս նրան ընդհատում եմ, խնդրում՝ մեղ գրքի փառատոնի լավ կողմերի մասին պատմի․

«Հնարավորություն է, որ դու ներկայացնես քո նորությունները` ենթադրենք՝ վերջին մի քանի ամսվա կամ նախորդ փառատոնից հետո լույս տեսածները: Ամենակարևորն այն է, որ ինքդ ես ներկայացնում։ Ցավոք սրտի, շատ լավ գիրքը կարող է գրախանությում հայտնվի ու կամ չառաջարկեն կամ ուշադրությունից բաց թողնված լինի։ Դու հնարավորություն ունես մարդկանց ներկայացնելու, բացատրելու այնպես, ինչպես կուզեիր, որ գրախանութում ներկայացնեին»:

Գլուխ 2. Ուսուցիչը, ուսուցանող գիրքը, կարդացող աշակերտը

Ժամանակը ուսումնական տարվա ավարտին, ժամը՝ ուսումնական օրվա վերջին էր հասնում, երբ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյանն իր աշակերտներին Գրքի երևանյան փառատոնին բերեց։ Մանկական խինդ ու ծիծաղ չկար, աշակերտերը ավագդպրոցական են` հետաքրքրված գրքի ներկայանալիությամբ ու վաճառքներով:

«Այստեղ ընկալելի ու նկատելի էր իրենց վերաբերմունքը գրքի նկատմամբ, ծանոթանում են, շփվում են, ուզում են, հետաքրքիր դիտարկումներ են անում, սկսած, օրինակ, այս գիրքը չկա, այսինչը կարելի է հրատարակելուց մինչև դիզայնի հարցեր: Իրենց հետաքրքրում է նաև գրքի դիզայնը, մարքեթինգային քաղաքականությունը գրավաճառության ոլորտում և թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչ հրատարակիչներ, գրքեր ունենք»:

Արտադպրոցական դասը գրականությանն է վերաբերում, բայց ուսուցիչը կարճ «մաթեմատիկական» բանաձև ունի` գրքի հետ հաղորդակցման նվազումը ուղիղ համեմատական է մտքի դեգրադացման աճին։

«Սա ոչ միայն այս պահի ազդեցության համար է, այլև ամբողջ կյանքի համար, որովհետև իրենք կարևորելու են գիրքը և զգան որ այս հասարակությունը միայն խորովածային, ինչ–որ աղեստամոքսային համակարգը բավարարող միջոցառումների համար չէ պատրաստ, պատրաստ է նաև ընդունելու մշակութային, արվեստի միջոցառումները, որոնք մեր պահանջմունքների վերին շերտում են և դրանք են մեզ մարդ, ազգ, կերպար և տեսակ դարձնում»,- ասում է ուսուցիչը։

«Կարծում եմ, որ մեր տարիքակիցների համար այդքան էլ գրավիչ չի լինի, մինչև որ մարդիկ, ինչպես, օրինակ, մեր դասղեկը, չխրախուսեն այսպիսի տեղեր այցելելը, որը ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում գրքերի հանդեպ: Այսինքն՝ այդ մղիչ ուժը պետք է լինի, որ մենք սկսենք հետաքրքրվել»,- տպավորություններով է կիսվում աշակերտուհի Անի Գրիգորյանը:

Գլուխ 3, Ո՞ւմ է պետք գիրքը, պե՞տք է թղթային գիրքը

Գրականագետ, գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը Հայաստանում ծնվող գրականությունն ամենաշատն ու ամննաաշուտը կարդացող մարդկանցից մեկն է: Հենց նա է ասում՝ կարելի է գրքեր չկարդալ: Բայց սա այն դեպքում, երբ գտել եք երջանիկ կյանքի բանալին, ներդաշնակության բանաձևը, ապրելու լավագույն կերպն ու բոլոր հարցերի պատասխանները: Եթե ոչ` ընթերցեք։ Սակայն առանց կաշկանցվելու՝ թղթից եք կարդում, թե էկրանից:

«Թղթե գրքերը ընդամենը մեր կանխակալ վերաբերմունքների, կարծարտիպերի հերթական չափաբաժինն են, որից մենք չենք կարողանում ազատվել։ Թղթով գիրքը տիրելու ցանկության հետ է կապված: Երբ դու ունես թղթով գիրք, թվում է, թե նույնիսկ չկարդալով ունես այն: Մենք սիրում ենք տիրել, մերը դարձնել, իսկ իրականում պիտի ուզենք ունենալ իրենց բովանդակությունը: Դա է պատճառը, որ, օրինակ, թղթով գրքից հետո դժվար են հասկանում, որ դա նույն արժեքն է, որ իրենք կարդացին, ի՞նչ տարբերություն՝ թվային կարդացին, թե թղթի տարբերակով: Եվ այո, ժամանակն առաջ է գնում, և մենք 100 տարի հետո ունենալու ենք միայն թվային գրքեր»։

Վերջաբան

Գրքի երևանյան փառատոնն իրականացվում է 2017-ից։ 22-ից ունի միջազգային փառատոնի կարգավիճակ։ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյան․

«Այս տարի միացել է «Վերսոպոլիս»-ին, որը ստեղծագործ Եվրոպա ծրագրի հարթակներից է և աջակում է տարբեր երկրների գրական փառատոներին: Մեզ հնարավորություն է տվել Հայաստան գեմանացի և հույն բանաստեղծերի, որոնք իրենց ընթերցումները ունեցած գրքի երևանյան փառատոնի երկրորդ օրը»։

Գրքի առաջին կամ վերջին էջին, ըստ ճաշակի և կարծիքների նկատմամբ կարևորության սանդղակի, տեղավորվում են գրքին միայն որպես դիտորդ՝ ընթերցող առնչվող մարդկանց կարծիքները: Գրքի երևանյան փառատոնի (և այս գրառեպորտաժի) դեպքում այդ մարդը կլինի հույն բանաստեղծ Յորղոս Կուտուվելասը, որը Հայաստանում է առաջին անգամ` փառատոնին մասնակցելու նպատակով․

«Ես դեռ շատ բան չեմ տեսել, բայց տպավորությունն այնպիսինն է, որ այստեղ ամեն ինչ շատ մեծ նրբանկատությամբ և գրքի նկատմամբ սիրով է արված։ Եվ սա ջերմացնում է իմ սիրտը: Մարդիկ այստեղ իսկապես գրքի նկատմամբ սիրովեն լցված և փառատոնը չի կազմակերպվում միայն նրա համար որ ասեն՝ մեր քաղաքը գրքի փառատոն է կազմակերպում»։

Փառատոնը եռօրյա է, կամփոփվի սեպտեմբերի 27-ի երեկոյան: Ներկայացված է 38 կազմակերպություն, կազմակերպված է 25 միջոցառում, սպասվում է 15 000 այցելու:

Լուսանկարները՝ Գրքի երևանյան փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Back to top button