«Զանգակ» գրատան նախաձեռնությամբ այս տարի երկրորդ անգամ կանցկացվի Մանկական գրքի փառատոնը, որը տեղի է ունենալու հունիսի 1-3–ը Անգլիական այգում։ Փառատոնի հիմնական նպատակն է համախմբել երեխաներին գրքի ու գրականության շուրջ։
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է շուրջ 35 միջոցառում՝ գրքի շնորհանդեսներ, ինտերակտիվ ինտելեկտուլ խաղեր, գրքերի ընթերցանություն, հանդիպումներ հեղինակների հետ, համերգներ, թատերական ներկայացումներ, նաև՝ մեծ զեղչեր։
«Զանգակ» հրատարակչության մանկական գրականության բաժնի ղեկավար, ԵՊՀ պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը և «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար, գրականագետ Աստղիկ Օհանյանը խոսում են ոչ միայն փառատոնային ծրագրերի, այլ մանկական գրականության մերօրյա զարգացումների, ազգային մանկական գրականության և դրա կարևորության, ընթերցող, նաև ստեղծագործող մանուկների ու նրանց ստեղծագործություններից կազմված նոր գրքի, մանկական գրականության քննադատության և ծնողների և ուսուցիչների համար տեսական միջոցառումներ կազմակերպելու կարևորության մասին։
Կազմակերպիչներն ասում են, որ ամեն ինչ անում են, որ երեխաներն ունենան որակյալ մշակութային ժամանց, ու դա լինի գրքի շուրջ և գրքի համար, քանի որ նման փառատոնների շնորհիվ է կայանում մանկական մշակույթի տարածումը։