

Մոսկովյան հանդիպման ժամանակ շեշտվել է հատկապես տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առաջընթացը։ Երեք երկրների առաջնորդները պայմանավորվել են հաջորդ շաբաթ ևս հանդիպել Մոսկվայում՝ արդեն փոխվարչապետերի մակարդակով։ Փորձագետները, սակայն, թերահավատ են․ կարծում են, որ այս հարցում ևս կողմերի մոտեցումներն առաժմ համադրելի չեն։
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ առկա հարցերի լուծման համար Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն արդեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ասել է, թե կողմերը նույն ըմբռնումն ունեն ապաշրջափակում ընթացքի վերաբերյալ։ Այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները, որոնք, ըստ ՌԴ փոխվարչապետի, կարևոր են, քանի որ խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության կարգերի մասին է։ Օվերչուկի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգեր են գործելու հայ-ադրբեջանական սահմանահատման ժամանակ։
Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև ՌԴ նախագահը ՝ շեշտելով, որ կան խոչընդոտներ, սակայն դրանք հաղթահարելի են և մեծ հաշվով՝ գոյություն չունեն, քանի որ զուտ տեխնիկական հարցեր են։ Այս հարցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը բարդություններ չի տեսնում․ սահմանը կհատեն այնպես, ինչպես հատում են հայ-վրացական սահմանը՝ ասում է։
«Ինչպես հայ-վրացական սահմանին անցակետ կա, այնպես էլ կլինի հայ-ադրբեջանական սահմանին։ Այս հարցում վարչապետ Փաշինյանը հստակ նշեց, որ արտատարածքային որևէ պահանջ չի կարող բավարարվել։ Ադրբեջանական բեռները և քաղաքացիական անձինք, եթե կուզեն Հայաստանի Հանրապետության տարածքով անցնել դեպի Նախիջևան, Վրաստան կամ Թուրքիա, պետք է ենթարկվեն ՀՀ օրենսդրությանը»։
Մոսկվայում ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը շահագրգռված է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ու հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Սահմանային ու մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը՝ վստահեցրեց վարչապետը՝ ակնկալիք հայտնելով, որ ադրբեջանական երկաթուղին էլ բաց կլինի Հայաստանի Հանրապետության բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանով, օրինակ՝ Ռուսաստան, Իրան տեղափոխելու համար։ Նա հույս հայտնեց, որ հարցը կլուծվի պարիտետային հիմունքով՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա:
«Դա խաղաղության համատեքստում է դիտարկվում, քանի որ սահմանները բացվում են միայն խաղաղության պայմաններում։ Եթե նման պայմանավորվածություններ լինեն, ես ողջունողների շարքերում կլինեմ, որովհետև խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում, բայց ես թերահավատ եմ, թե նման իրողությունները կսպասարկվեն։ Մենք հստակ տեսանք, որ Մոսկվայում Փաշինյանի նկատմամբ ճնշումներ կային, բազմակողմ ճնշումներ, անգամ փորձեցին հասկացությունները լղոզել՝ միջանցք, տարանցիկ գոտի»։
Ուշագրավ դրվագ էր արձանագրվել Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին հյուրի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը: Նա իր ելույթում օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ինչը բանավեճի առիթ դարձավ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ ձևակերպումներով Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է առաջ քաշում: Ադրբեջանի նախագահն ի պատասխան նշեց, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունեն: Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը տեղի ունեցածը մանիպուլյացիա է որակում։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, սակայն, կարծում է, որ եթե անգամ ճանապարհներն ապաշրջափակվեն, հայ վարորդները պատրաստ կլինեն երեք օր Վերին Լարսի անցակետում սպասելով հասնել Ռուսաստան, քան Ադրբեջանով։
«Ռուսական կողմի վստահությունը կայանում է նրանում, որ Հարավկովկասյան երկաթուղին է համարվում ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունը, և իրենց երկաթուղին է այստեղ աշխատելու, այսինքն` այդ երկաթգիծը Նախիջևանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան աշխատելու է, և այդ հարցում կա կոնսենսուս․ խոսքը բեռնատարների մասին է, բայց ոչ մարդատարների։ Մարդատար ավտոմոբիլային հաղորդակցությունը, վստահ չեմ, որ երբևէ կաշխատի՝ հաշվի առնելով այն սպառնալիքներն ու թշնամանքը, որ կա երկու ժողովուրդների միջև»։
Բալասանյանը կարծում է, որ առաջիկայում փոխվարչապետների հանդիպման ժամանակ հնարավոր է «մտադրությունների փաստաթուղթ» ստորագրվի, բայց ոչ խաղաղության։