Դպրություն

Ի՞նչ վիճելի ձևակերպումներ կան հայոց պատմության դասագրքերում․ «Դպրություն»

Հայոց պատմության դասագիրքը մեթոդական և այլ առումներով պետք է համապատասխանի հանրակրթության պետական նոր չափորոշիչներին։ Տարբեր հեղինակային խմբեր են աշխատում, թե որքանով կհաջողեն և ինչպիսի դասագիրք կունենանք՝ գնահատականը տալու են առաջին հերթին սովորողները և ընդհանրապես հետաքրքրված, շահագրգիռ անձինք։

Լիլիթ Մկրտչյան

«Դեռևս նոր դասագրքեր չկան, գործընթացի մեջ է այդ ամբողջը և դասագրքի բովանդակության մասին կկարողանանք խոսել մրցույթի ավարտից հետո։ Այս պահին կարող ենք խոսել պատմություն առարկայի ծրագրի և չափորոշչի մասին, որտեղ ամենակարևոր փոփոխությունը, որ ներդրված է, դա պատմության դասավանդման մեթոդաբանությունն է։ Այսինքն, ուսումնառության մոտեցումներն են, որ չափորոշչով սահմանված է և ակնկալում ենք, որ դասագրքում դրանք զետեղված կլինեն», – ասում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ, պատմաբան Լիլիթ Մկրտչյանը։

Էդիկ Գևորգյան

«Այն, որ դասագրքերի խնդիրը միշտ էլ եղել է օրակարգային, դա գաղտնիք չէ։ Մենք, անկախության հռչակումից ի վեր, միշտ էլ խնդիր ենք ունեցել դասագրքերի և առավելապես Հայոց պատմության դասագրքերի հետ։ Որովհետև Խորհրդային շրջանում Հայոց պատմությունը դպրոցներում և բուհերում մի կողմ էր դրված և մենք մեր պատմությունից շատ բաներ չգիտեինք։ Հետագայում բազմաթիվ աշխատանքներ կատարվեցին։ Ասել, թե այսօր ունենք իդեալական դասագրքեր՝ ճշմարտությունից հեռու է։ Իսկ ցանկացած դասագիրք առաջին հերքին պետք է իր նպատակին ծառայի։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ անկախ ամեն ինչից, Հայոց պատմության դասագրքերում պատմությունը չպետք է խեղաթյուրվի», – ասում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Էդիկ Գևորգյանը։

Վահրամ Թոքմաջյան

«Այն ծրագրերը, որոնք փորձարկվել են Տավուշի մարզում, ես դրանցից շատ մեծ հույս չունեմ՝ մասնավորապես պատմության ծրագրերից։ Շատ անկեղծ ասում եմ՝ հույս չունեմ, որովհետև հնարավոր է միջառարկայական կապերի և մնացած մասերով ավելացումներ կան, բայց մոտեցումը պատմության էության՝ չի փոխվել։ Այո, գուցե 10–րդ դասարանի հիմքում դրված է պետականությունների պատմության սկզբունքը, բայց միևնույն է այլ մոտեցումների տեղ ծրագիրը քեզ չի թողնում։ Հիմա ես չեմ ասում ծրագիրը լավն է, թե վատը։ Ես խոսում եմ հեղինակային ազատությունների սահմանափակման և դրա կիրառելիության մասին դպրոցում։ Այս տարի էլ պետք չի շատ բուռն մի բան սպասել, որովհետև մրցույթը, որ հիմա տեղի է ունենում, ազատ է հեղինակային խմբերի միջև։ Նախկինում այդպես չէր», – ասում է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։

Back to top button