Վերնատուն

Սրճախմության մշակույթը և Գայֆեճյանի վերականգնված «Ինքնադիմանկարը»․ «Վերնատուն»

Մաշտոցյան Մատենադարանում սպասվում է բանախոսություն` նվիրված սրճախմության մշակույթի ու արվեստի առնչություններին, Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից վերականգնված Վահրամ Գայֆեճյանի «Ինքնադիմանկարի» վերականգնման առանձնահատուկ պատմությանը։

«Ինքնադիմանկարի» հակառակ կողմում ի հայտ է եկել հեղինակի 1910-ական թթ․ հանրահայտ «Սրճարանային» շարքը։ Ինչպե՞ս է դրսևորվել սրճախմության ու սրճարանային մշակույթը արվեստում։

Մատենադարանի հանրային կապերի պատասխանատու Տաթև Սարոյանը հետազոտել է սուրճի ու հայերի առօրեականության պատմությունը։ Նա իր հետազոտությունը սկսել է 2012 թվականին, այդ ամբողջ նյութի հիման վրա հետագայում մշակել է բանախոսությունների շարք, որն առնչվում էր նաև արվեստին, գրականությանը և այլն։

«Նկարիչները, լինելով սուրճի մեծ սիրահար, իրենց առօրյան սկսում և ավարտում էին սուրճով, և սրճամոլությունն էր գուցե դրդում, որ իրենց սիրելի զբաղմունքն արտացոլվեր նաև ստեղծագործություններում, դա նաև հանդիպում ենք գրական ստեղծագործություններում», – ասում է Տաթև Սարոյանը։

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը զբաղվում է 20–րդ դարի հայ կերպարվեստի պատմությամբ, մասնավորապես Վահրամ Գայֆեճյանի արվեստով, որն իր գիտական ատենախոսության թեման է։

Ասում է՝ Գայֆեճյանը հայ կերպարվեստում սրճարանային թեմայի առաջատարներից մեկն է։ Լիլիթ Սարգսյանը նշում է, որ կա արևելյան և արևմտյան սրճախմության և դրա առանձնահատկությունների մասին եվրոպական և արևելյան հայացք։

«Վահրամ Գայֆեճյանը այն հեղինակն է հայ կերպարվեստի մեջ, որը հենց արևմտյան ավանդույթին համարժեք է ներկայացրել սրճարանային թեման, 20-րդ դարի 10-ական թվականներ, երբ նա դեռ Մոսկվայում էր ապրում, իսկ այդ ժամանակ այնտեղ ավանգարդ արվեստի եռացող կիզակետ էր։ Արդյունքում՝ Ազգային պատկերասրահը համալրվեց ևս մեկ հրաշալի ստեղծագործությամբ և մեր պատկերացումները Գայֆեճյանի Սրճարանային շրջանի մասին ընդլայնվեցին»,– ասում է Լիլիթ Սարգսյանը։

Back to top button