ԿարևորՏնտեսական

Ինչպե՞ս համագործակցել Ռուսաստանի հետ՝ պատժամիջոցներից խուսափելու համար

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանի հետ ունի ռազմավարական-գործընկերային հարաբերություններ, բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ։ Հետևաբար, Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում պետք է գործի միայն այն ծավալով, որը թույլ կտա խուսափել պատժամիջոցներից։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ կառավարությունը պետք է հստակեցնի իր դիրքերը, կարևորի ազգային ու պետական շահը՝ թույլ չտալով, որ տնտեսությունը նոր մարտահրավերի առջև կանգնի։

Արդեն շուրջ 1․5 տարի ձգվող ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով հնարավոր է, որ հայկական ընկերությունները դեպի ՌԴ ապրանք արտահանելու պատճառով հայտնվեն արևմտյան պատժամիջոցների տակ։ Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը խորհրդարանական հանժնաժողովներից մեկի նիստում հայտարարեց․ «Ոնց որ թե պաշտոնական է, որ Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է կոնյակի արտահանումը դեպի ՌԴ»։

 Այս հայտարարությանը հաջորդեց «Luding Group» ալկոհոլային ընկերությսն հարցազրույցը «Комерсант»-ին, որտեղ նշվում էր, որ Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» կոնյակի մատակարարումը Ռուսաստան շարունակվում է սովորական ռեժիմով։ Ընկերությունից հավելել են, որ ապրանքանիշի և գործարանի սեփականատեր «Pernod Ricard»-ի հետ առաքման պայմանագիրն ուժի մեջ է, և «Luding Group»-ը «Արարատ» ապրանքանիշի վերաբերյալ համագործակցության դադարեցման մասին որևէ ծանուցում չի ստացել։ Ըստ Luding-ի՝ «Արարատի» բաշխման աշխարհագրությունն ընդգրկում է ամբողջ Ռուսաստանը՝ բացառությամբ դաշնային ցանցերի։ Սակայն, հայկական որոշ ընկերություններ հայտնվել են այսպես ասած՝ «ռադարների տակ», ասում է Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինայնը չի մանրամանսում, թե կոնկերտ որ ընկերությունների մասին է խոսքը, բայց նկատում է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ․

«Եթե մենք հայտնվեցինք արևմտյան պատժամիջոցների ներքո, նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ դրան դիմանա, երկրորդը՝ եթե մենք հայտնվենք պատժամիջոցների տակ, մեր ոչ մի դաշնակցի համար դրանից ավելի լավ չի լինի։ Մենք կփչացնենք մեր հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների հետ»։

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ ցանկալի է, որ արևմտյան երկրները նախ հասական, թե Հայաստանը որտեղ է, ինչ աշխարհաքաղաքական պայմաններում կարող է նման քայլեր իրեն թույլ տալ։ Եթե ՀՀ–ն ԱՄՆ կամ Կանադայի սահմանին լիներ, ԵՄ տարածում, գուցե կարելի լիներ քննարկումներ սկսել այդ թեմայով, չնայած որևէ ինքնիշխան պետություն չպետք է լսի կողքից ինչ են ասում կամ շարժվի դրանով, կարծում է Մանասերյանը․

«Ինձ հայտնի են արևմտյան, ամերկյան ընկերություններ, որոնք այժմ էլ միջորդավորված սերտ գործարար կապերի մեջ են ՌԴ  հետ։ Արժի հասկանալ, որ այդ պայմաններում ինչն է դրդում, որ Հայաստանը գնա պատժամիջոցների։ Երրորդ կարևոր խնդիրը՝ բիզնեսն ինքը ոչ սահմաններ է ճանաչում, ոչ ազգություն։ Այդ իմաստով տեղաշաժվում է այնտեղ, փողը՝ նույնպես, որտեղ կա շահույթ կամ շահութաբեր են»։

Տնտեսագետը հիշեցնում է՝ Եվրոպան ազատական գաղափարներ է քարոզում, ուստի նման սահմանափակումներ չեն կարող լինել։ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանը հավասարկաշռված քաղաքականություն է վարում։ Եթե ռուսական շուկան փակվի հայկական ընկերությունների համար, ինչ է առաջարկելու Եվրոպան դրա փոխարեն․

«ԵԱՏՄ–ում Հայաստանն ամենաշատ օգուտներն է քաղել 10 տարում՝ 10 անգամից ավելի առևտրաշրջանառությունն է ավելացել։ Անգամ քովիդի շրջանում, երբ ամբողջ  տնտեսությունը անկում էր ապրում, մեկ ենթաճյուղ նշեմ՝ գինեգործության ոլորտում 86 տոկոսով ավելացավ արտահանումը ռուսական շուկա»։

Տնտեսագետը ընդգծում է՝ կառավարությունը պետք է հստակեցնի իր դիրքերը, կարևորի ազգային ու պետական շահը։ Օրերս Վաշինգտոնը նոր ցուցակ էր հրապարկել, որտեղ շուրջ 7 տասնյակ ռուսական ընկերությունների կողքին նշված էր նաև Երևանում գործող «Մեդիսարի» անունը։ Այս ընկերությունը Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկում 732-րդն է։ Ամերիկյան կողմը համոզված է, որ ցանկում ընդգրկված ընկերություններն աջակցում են ռուսական բանակին և ռազմաարդյունաբերությանը։ 2001 թվականին հիմնադրված «Մեդիսարը» քիմիկատներ, լաբորատոր սարքավորումներ է ներկրում։ Այն ներկայանում է որպես այս ոլորտում գործունեություն ծավալող Հայաստանի ամենախոշոր ընկերությունը։ «Մեդիսարը» տեղակայված է Երևանի կենտրոնում, մեծ պահեստ ունի՝ 2500 քառակուսի մետր տարածքով։

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական-գործընկերային հարաբերություններ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական խոր և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանի Հանրապետությունը  ՌԴ-ի հետ հարաբերություններում պետք է գործի այն ծավալով, որը  թույլ կտա խուսափել պատժամիջոցներից։

Back to top button