Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմը առավելագույն փորձությունն է, որ տրվում է մարդուն․ Հրաչ Մովսիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Հրաչ Մովսիսյանը ծնվել է 2000 թվականին Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում։ Տասնհինգ տարեկան էր, երբ իր աճեցրած ու վաճառած կարտոֆիլի գումարով առաջին անգամ մեկնեց Արցախ։ Դրանից հետո երազում էր սովորել Արցախի պետական համալսարանի «Քաղաքագիտություն» բաժնում։ Բայց պատմության պարապմունքին նստած մի օր անսպասելի որոշում կայացրեց՝ դերասան է դառնալու։ 2018-ին ընդունվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, վեց ամիս սովորելուց հետո զորակոչվեց բանակ։ Թեև այս անգամ էլ մեծ էր, արդեն որպես զինվոր, Արցախ մեկնելու ցանկությունը, բայց պարզվեց, որ ծառայելու է Լուսակերտի մարտական զորամասում։ Հրաչ Մոսիսյանին Արցախ տարավ պատերազմը։ 44-օրյային նրանց ստորաբաժանումը տեղափոխվեց Արա լեռ։

«Սկզբում ոգևորություն կար բոլորիս մեջ։ Մարդուն շատ մեծ, գրեթե գերմարդ է դարձնում այն միտքը, որ դու այդ իրավիճակում պատասխանատու ես և պաշտպանում ես այն սրբությունները, որոնք քո թիկունքում են՝ տունդ, հարազատներդ։ Առաջին անգամ խորապես գիտակցում ես իրականությունը, երբ ընկերդ զոհվում է։ Պատերազմը առավելագույն փորձությունն է, որ մարդուն տրվում է»,-ասում է Հրաչը։ Նա մասնակցել է նաև 2022-ի սեպտեմբերյան դեպքերին, որի ժամանակ կորցրել է մանկության ընկերոջը։ Իր բաժին փորձությունները հաղթահարելուց հետո այսօր շարունակում է կյանքը՝ առաջնորդվելով հայտնի ու պարզ ճշմարտությամբ․ այն, ինչ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։

Back to top button