Դպրություն

Դասավանդելը՝ շնորհ, դասախոսի կրթությունը՝ պարտադիր․ «Դպրություն»

Դասախոսի կրթություն Հայաստանում չունենք։ Դրա համար պետք է իրականացվի ծրագիր, որը հնարավորություն կտա, որ դասախոսները մանկավարժական, հետազոտական հմտությունների դասընթացներ անցնեն և ավելի պատրաստված մտնեն լսարան։

«Դասախոս դառնալը ինչ որ տեղ նաև Աստծուց տրված շնորհ է, որովհետև կան բազմաթիվ փայլուն մասնագետներ, որոնք դասավանդել՝ մեթոդական առումներով, ունակ չեն։ Կան նաև բավարար մակարդակի մասնագետներ, սա պարտադիր պայմանն է, բայց փայլուն մեթոդիստներ են։ Ուսուցիչ և դասախոս հասկացությունները բավական տարբեր են։ Թվում է, թե երկուսի վերջնական նպատակն էլ ուսուցանելն է, գիտելիք փոխանցելը։ Ուսուցչի դեպքում, այո, շատ կարևոր է երեխաների հետ աշխատելու ունակությունը, մեթոդաբանությունը կիրառելը։ Իսկ դասախոս ասելով մենք պատկերացնում ենք, որ նա նաև հետազոտող է, որովհետև առանց հետազոտությունների, առանց անմիջական մասնակցություն ունենալու այդ ոլորտի զարգացումներին, միայն դասագրքային գիտելիքներով բավարարվել և միշտ դա ներկայացնել՝ շատ քիչ է», – ասում է ՀԱՊՀ թվային տեխնոլոգիաների ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը։

«Կա մի հետաքրքիր հետազոտություն, որը ցույց է տվել, որ հաճախ, երբ դասախոսի գիտահետազոտական կարողությունները շատ բարձր են լինում, իր համար դժվարանում է այդ ամենը դասավանդելը։ Սա հասկանալի է։ Երբ հետազոտողը ավելի շատ գնում է իր համար այդ ճշմարտությունները բացահայտելու ետևից, երբեմն չի կարևորում սոցիալական շփման խնդիրը, որը դասախոսի պարագայում կարևոր է։ Ըստ էության, դասախոսի կրթություն Հայաստանում չունենք, դրա համար շատ մարդիկ դասախոս են դառնում՝ համալսարանում 1-2 դասընթաց անցնելով», – ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Ես մի հետաքրքիր փորձի հետ առընչվեցի ԵՊՀ – ում։ Ես հիմա կապ ունեմ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ և այսպիսի հարց ինձ մոտ ծագեց՝ արդյո՞ք այս ֆակուլտետում պատրաստում են կադրեր, որոնք կդասավանդեն ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Պարզվեց, որ համալսարանում դուրս է բերվել մանկավարժությունը ընդհանուր ուսումնական պրոցեսից։ Կրեդիտներ կան, որոնք հավաքելով՝ իրավունք է ընձեռվում դասավանդելու։ Իրականում դասավանդելը կամ ուսուցիչ լինելը դա որոշակի որակ է, որովհետև ոչ բոլորը դա կարող են անել, դա այդքան էլ հեշտ գործ չէ։ Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր փորձել են դասավանդել, բայց հետո դուրս են եկել ինստիտուտից, որովհետև չեն զգացել այդ կամքը, սերը տվյալ գործի հանդեպ։ Բայց գիտեմ նաև դասախոսներ, ովքեր նվիրված են, աշխատում են՝ նույնիսկ այսօրվա ցածր աշխատավարձով», – ասում է ՈԱԱԿ–ի հավատարմագրման հանձնաժողովի անդամ Աննա Երզնկյանը։

Back to top button