ԿարևորՀասարակություն

Նոր տրոլեյբուսները առանց էլեկտրագծերի կհասնեն Դավթաշեն

Երևանում շուտով երթուղի դուրս կգան նոր, ժամանակակից տրոլեյբուսները։ Ամիսների ուշացումից հետո մայրաքաղաք հասած էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմը կհամալրի թիվ10 տրոլեյբուսային երթուղին։ Իսկ այդ երթուղու վերջնակետի հարցում նաև փոփոխոթյուն է սպասվում։ Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ևս 15 նոր տրոլեյբուս ձեռք բերելու մրցույթ կհայտարարի․ ընդհանուր առմամբ ավագանին մտադիր է ավելի քան100 ժամանակակից  տրոյելբուսներով համալրել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը։

15 նոր տրոլեյբուսներից 8-ն արդեն Երևանում են, այժմ քննարկվում է դրանցով առկա երթուղիները սպասարկելու հարցը։ Տրոլեյբուսներից 4-ը կհամալրեն  թիվ10  երթուղին։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանն ասում է, որ նոր տրոլեյբուսների շահագործման հետ նախատեսում են փոփոխել ու երկարացնել այդ երթուղին:

«Երթուղու ավարտը «Բարեկամություն» մետրոյից առանց կոնտակտային ցանցի շարունակվելու է դեպի Կիևյան, Հալաբյան և Եղվարդի խճուղի։ Այսինքն, ստացվում է, որ տվյալ երթուղին մուտք է գործելու Դավթաշեն վարչական շրջան։ Նման կերպ շահագործելու դեպքում ունենալու ենք10-12 րոպե պարբերականությամբ սպասարկում»,– ասում է Հարությունյանը։

Նոր տրոլեյբուսները հնարավորոթյուն ունեն առանց ուղիղ էլեկտրասնուցման, լիցքավորվող մարտկոցի միջոցով երթևեկելու շուրջ 60 կմ։ Քաղաքապետարանից հայտնում են՝ սա հնարավորություն կտա փոփոխել առկա երթուղիները ու ավելի ճկուն մոտեցում ունենալ․

«60 կմ–ից մի փոքր ավելի քիչ ենք մենք օգտագործելու, քանի որ եթե տրոլեյբուսներում հովացման կամ ջեռուցման համակարգ է միացված, այդ 60 կմ չի ապահհովի։ Մենք կրճատել ենք 60 կմ, որ խնդիրներ չունենանք ու որակյալ ծառայություն մատուցնեք»։

Քաղաքապետարանում հույս ունեն, որ արդեն իսկ գնված մյուս 8 տրոլեբուսները մինչև մայիսի վերջը ևս Երևանում կլինեն։ Ուշացումները արտադրող ու մատակարար չինական ընկերության հետ են կապված․ ներմուծվող բեռի չափերի հետ կապված խնդիրներ են եղել Լարսի անցակետում։

12 մետր երկարություն, 25 նստելու և ևս 60 տեղ կանգնելու համար․ նոր տրոլեյբուսները նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար, թեքահարթակ ու ներսում հատուկ հարմարեցված տարածք ունեն։ Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանը մտադիր է 100 տրոլեյբուս գնել։ Շուտով նոր մրցույթ կհայտարարվի ևս 15 տրոլեյբուս ձեռք բերելու համար։

Երևանի քաղաքապետարանը առաջիկայում նաև օդի աղտոտվածությունը չափող նոր սարքեր կտեղադրի քաղաքում։ Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ասում է՝ նոր սարքերը հնարավորություն կտան ավելի մանրամասն վերլուծել ու տեղեկություն ստանալ աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել․

«Եվ արդեն, ըստ առաջնահերթության, սկսելու ենք պայքարը։ Օդի աղտոտվածություն առաջացնող պատճառներ կան, որոնց մասին մենք հստակ գիտենք, օրինակ՝ շինարարության փոշու մակարդակը շատ բարձր է, հանքերից եկող փոշու խնդիրը նույնպես կա, մյուս կարևոր խնդիրը տրանսպորտն է, այստեղ նույնպես անելիքներ ունենք, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն պատճառների մասին մենք կստանանք այդ նոր սարքերից»։

Վերջին օրերին Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշի վրա բացասական ազդեցություն ունեցավ նաև Նուբարաշենի աղբանոցում բռնկված հրդեհը։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասում է՝ այս պահին էլ հրդեհաշիջման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, հրդեհն ամբողջությամբ մարելու ու ծուխը դադարեցնելու համար դեռ մեկ շաբաթ էլ կպահանջվի․

«Հրդեհը մասնակի էր, հետո ամբողջ պարագծով տարածվեց։ Երեկ շատ դժվար ենք աշխատել, եղանակը թույլ չէր տալիս։ Մոբիլիզացված է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ամբողջ շարժակազմը, վարչական շրջանի ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերություններից տեխնիկա է եկել։ Եթե ռեալ գնահատենք ամբողջությամբ մարելու համար դեռ մեկ շաբաթ կպահանջվի»։

Նման դեպքերը բացառելու համար անհապաղ պետք է ձեռնարկել նոր աղբավայր կառուցելու աշխատանքները․ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։

Back to top button