Երկրորդ շնչառություն

Բալանսավորված սնունդ, բավարար քուն, ֆիզիկական ակտիվություն՝ հանուն առողջ ծերացման․ «Երկրորդ շնչառություն»

Բալանսավորված սնունդից բացի, առողջ ծերացման համար սկզբունքային է նաև բավարար քունն ու ֆիզիկական ակտիվությունը: 40 տարեկանից հետո մարդու մոտ սկսում է մկանների թուլացումը, այդ ընթացքը դանդաղեցնելու միակ եղանակը, ըստ սննդաբանի սպիտակուցների քանակը չնվազեցնելն ու դեռ մի բան էլ ավելի շատ ընդունելն է: Մսամթերք, ձկնամթերք, լոբի, ոսպ, ընդեղեն և ձու, սպիտակուցի հիմնական աղբյուրներ են:

Բժիշկ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը բացատրում է, որ տարեց մարդկանց մոտ սովորաբար ի հայտ է գալիս նաև վիտամին B12 -ի պակաս, ինչն էլ հաճախ հանգեցնում է որոշ խնդիրների, բայց տարիքի հետ դա միայն ուտելիքի միջոցով ստանալ հնարավոր չէ, հարկավոր է ստուգել և ընդունել համապատասխան հավելումներ: Ջրի քանակն էլ պարտադիր է տարեց մարդկանց համար՝ կանխելու հաճախ պատահող փորկապությունը:

«Տարեց մարդու ափսեի կեսը պետք է լցված լինի բանջարեղենով: Իհարկե, չենք մոռանում նաև մրգի մասին»,- խորհուրդ է տալիս բժիշկն ու բացատրում, որ դրանք նաև երիտասարդության անսպառ աղբյուր են:

Զրուցակիցս հավաստիացնում է, որ Հայաստանում հաճախ պատահող մի շարք հիվանդություններ հնարավոր է որոշ չափով կարգավորել նաև սննդակարգով, օրինակ, որովայնի ճարպի նվազմանը զուգահեռ լուծվում է զարկերակային գերճնշումը, աղի քանակի նվազեցումը սննդում նույնպես բարերար ազդեցություն է թողնելու մեծահասակի առողջական վիճակի վրա: Վ.Պետրոսյանն ընդգծում է, որ ճարպոտ սնունդն ու աղի ավելցուկն այսօր լուրջ խնդիր են մեր բնակչության համար: Սննդաբանը բացատրում է, որ ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ առավոտյան նախաճաշելն է, ինչը պետք է կազմակերպել ոչ ուշ քան կեսօր:

«Բալանսավորված սնունդ ասելիս կարող ենք պատկերացնել մի ափսե, որը լցված է բոլոր սննդախմբերով. առողջ սպիտակուց՝ լոբի, սիսեռ, սերմեր, ամբողջահատիկներ՝ հաճար, բլղուր, հնդկաձավար, որ բջջանյութի հիանալի աղբյուր են, կաթնամթերք և առողջ ճարպեր՝ չմոռանալով, իհարկե, մրգերի և բանջարեղենի մասին»,-ասում է մասնագետը՝ հավելելով, որ չկա որևէ սննդատեսակ, որ կարողանա փոխարինել բոլոր մյուսներին:

«Օրգանիզմի բոլոր մասերի աշխատանքի համար մեզ անհրաժեշտ է սնվել բալանսավորված, ամեն ինչից ուտել մի քիչ, դանդաղ ծամելով և ժամանակին»,- բացատրում է նա՝ նկատելով, որ կյանքի արագ ռիթմը երբեմն ստիպում է ոտքի վրա ուտել, ռեժիմը, բայց հարկավոր է այս գործին էլ գիտակցաբար մոտենալ:

Բժիշկը պարզաբանում է, որ շատ հաճախ մարդիկ որպես օրգանիզմի պահանջ են դիտարկում կախվածությունն այս կամ այն ուտելիքից, որպես կանոն, քաղցրեղենից: Կախվածություն է ի հայտ գալիս նաև համային բարելավիչներից, ինչը հիմնականում արագ սննդի ոլորտում է կիրառվում:

Back to top button