Մտքի ուժը

Մանրէները կչեզոքացնեն հանքարդյունաբերական ռիսկերը․ «Մտքի ուժը»

Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայում ակտիվ վերականգողական աշխատանքներ են։

Առաջիկա ամիսներին այստեղ կփոխվի անվանումը, սարք-սարքավորումներն ու ոչ միայն։ Այժմ հետազոտությունների համար պահվող մանրէները խնամքով առանձնացված են առանձին սենյակում՝ 80-ից ավելի շտամերի առանձին խմբերի համար պահման պայմանները տարբեր են։ Լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արևիկ Վարդանյանը պատմում է.   

«Ունենք տեսակներ, որոնց աճի օպտիմալ ջեմաստիճանը 30 է, ունենք, որ 35 է, ունենք ավելի բարձր՝ 40-45 աստիճանում աճող մանրէներ։ Ունենք 80-ից ավելի շտամներ, որոնց մի մասը ինդենտիֆիկացրել ենք մոլեկուլային մակարդակով, նրանք ներգրավված են մանրէների համաշխարհային բանկում»։

Գիտական կենտրոնի մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայում նպատակ ունեն  մշակել մանրէաբանական մոնիթորինգի վերահսկման մեթոդներ՝ ՀՀ խոշոր և հանքարդյունաբերական վայրերում թթու հանքային դրենաժների առաջացման ռիսկերը գնահատելու համար․   

«Նպատակի համար նմուշառում ենք կատարելու Ողջի գետի ու նրա վտակների երկարությամբ՝ իհարկե ջրի հիդրոլոգիան ուսումնասիրելուց հետո, ֆիզիկաքիմիական պարամետրերը տեղում կչափեն, նմուշներ կվերցնեն՝ քիմիական անալիզի համար, որոշելու համար երկաթի և այլ մետաղների պարունակությունը ջրում։ Մանրէաբանական հետազոտություններ ենք կատարելու միկրոօրգանզիմների խմբերը բացահայտելու համար՝ օգտագործելով նաև ժամանակակից մոլեկուլային կենսաբանական մեթոդներ»։

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից է։ Սա այն ոլորտն է, որտեղ բախումն ակնհայտ է. զարգացնել ոլորտը՝ վնաս հասցնելո՞վ շրջակա միջավայրին, թե՞ արգելել հանքարդյունաբերության զարգացումը։

Ոլորտը առաջացնում է հողի ու ջրի աղտոտվածություն, որոնք ուղղակիորեն կախված են գյուղոլորտի ու մարդու առողջության հետ։  Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արևիկ Վարդանյանն անգիր գիտի, թե հանքարդյունաբերությունն ինչ վնասներ կարող է հասցնել շրջակա միջավայրին.   

«Թթու հանքային դրենաժները համաշխարհային հիմնախնդիր են, դրանք էլ իրենց հերթին էկոլոգիական խաթարումներ են բերում։ Ըստ էության թթու հանքային  դրենաժները հանքավայրերից թթու հոսքաջրերի արտահոսքն է, որոնք իրենց մեջ ծանր մետաղներ են պարունակում։ Դրանք գետերում աղտոտում են ջրային ավազանը, հետո նաև՝ հողերը»։

Հողերի աղտոտման հիմնական պատճառը ոռոգման ջրերն են։  Եվ պատահական չէ, որ Հայաստանի  խոշոր արդյունաբերական քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Ալավերդիի գյուղատնտեսական հողերն ամենաշատն են աղտոտված ծանր մետաղներով։

Եվ ահա հայ գիտնականների խումբը հետազոտում ու վնասակար նյութերի կանխարգելման ուղիներ է փնտրում։ Վստահ են՝ հնարավոր է կանխարգելել, բայց ինչպե՞ս կամ ինչի՞ հաշվին։ Ավագ գիտաշխատող Արևիկ Վարդանյանը փաստում է.  

«Նախ բնության մեջ գոյություն ունեցող միկրոօրգանիզմների՝ մանրէների հաշվին։ Այս դեպքում երկաթ ու ծծումբ օքսիդացնող մանրէների, որոնք թթվային հանքային  դրենաժների առաջացման հիմնական պատճառն են։ Կոնկերտ այս պահին Կապանի, Քաջարանի խոշոր հանքարդյունաբերական ու գյուղատնտեսական շրջաններում ենք նմուշառում կատարում։ Կախված աղտոտվածության քարտեզից՝ աշխատանքը կընդլայնենք»։

Զարուհի Մելքոնյանը 12 տարուց ավելի է, ինչ աշխատում է լաբորատորիայում։ Ակտիվորեն ներգրավված է բոլոր աշխատանքներում, բայց ավելի մասնագիտացված՝ փորձերի արդյունքների, հաշվարկների, գրաֆիկների մեջ։ Առաջիններից մեկն է, որ տեղեկանում է, թե ինչ արդյունքներ են գրանցում փորձերը։ Աչքի լույսի պես են պահում մանրէներին՝ ասում է․

«Մեզ համար կարևորը մանրէներն են, որոնց պահպանման, աճեցման փուլը կարևոր է, ամեն մեկս ունի մի հատված, որով զբաղվում ենք։ Ես զբաղվում եմ երկաթ ու ծծումբ օքսիդացնող բակտերիաների հետ։ Դրանց համար միջավայր ենք ապահովում։ Անալիզներից հետո արդյունքներն ենք վերամշակում»։

Հանքարդյունաբերությունը զարգանում է, բայց այստեղ կարևորը բնապահպանական հարցերի պահպանումն է՝ ասում է Զարուհին։ Կենսատարրալվացումը Հայաստանում կիրառվում է միայն լաբորատոր պայմաններում, մինչդեռ ամբողջ աշխարհում 1960-ականներից են կիրառում արտադրական պայմաններում։  

Back to top button