Ժամանակի վկան

Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին․ Էդիտա Գզոյան, Ռեգինա Գալուստյան, Շուշան Խաչատրյան, Էլինա Միրզոյան․ «Ժամանակի վկան»

Հայոց ցեղասպանության տարիներին մեծ թվով երեխաներ զոհ գնացին ջարդերի, ողջակիզման թունավորումների, խեղդամահ արվելու, տեղահանության, սովի, համաճարակների հետևանքով: Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից ներքին գործերի նախարար Թալեաթի փաշայի հրամանով հրահանգվում էր, որ «Հինգ տարեկանից բարձր բոլոր օսմանահպատակ հայերը պետք է դուրս տարվեն քաղաքներից և սպանվեն»: Հարյուր հազարավոր երեխաներ որբացան ցեղասպանության հետևանքով, իսկ ողջ մնացածները հիմնականում դատապարտվեցին դավանափոխության կամ ազգափոխության:

Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին թեման հետազոտության են ենթարկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանը, Ռեգինա Գալուստյանը, Շուշան Խաչատրյանը և Էլինա Միրզոյանը։ Հետազոտությունը համահեղինակությամբ վերջերս հրատարակվել է առանձին գրքով, որտեղ չորս հեղինակները վերոնշյալ թեման ներկայացրել են իրավական, կրոնական, գաղափարախոսական, պատմական գիտակարգերով: 

«Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» գրքի հեղինակների հետ երկու հաղորդումով կներկայացնենք չափազանց կարևոր այս թեման։ Նշեմ նաև, որ այս հաղորդման ընթացքում հեղինակներից Էդիտա Գզոյանը, Ռեգինա Գալուստյանը, և Շուշան Խաչատրյանը կմանրամասնեն իրենց հեղինակած բաժինների՝ առաջին երեք գլուխների բովանդակությունը։ Ընդ որում երեք գիտաշխատողները համատեղ հեղինակել են նաև գրքի չորրորդ գլուխը, որի մասին կխոսենք արդեն երկրորդ հաղորդման ընթացքում։ Իսկ աշխատության վերջին՝ հինգերորդ գլուխը, կներկայացնի (նույնպես՝ հաջորդ հաղորդման մեջ) համատեղ աշխատության համահեղինակ՝ Էլինա Միրզոյանը։

Նախ լսենք գրքի ստեղծման և բովանդակության վերաբերյալ  նախապատմությունը, որը կներկայացնի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն  Էդիտա Գզոյանը։ Նա համահավաք աշխատությունում հեղինակել է առաջին գլուխը, որը վերնագրված է․ «Երեխաների բռնի տեղափոխման վերաբերյալ իրավական հայեցակետերը»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը հեղինակել է աշխատության երկրորդ գլուխը՝ «Ցեղասպանական բռնի տեղափոխում․ հայ երեխաները թուրքական ռասայական ազգայնականության համատեքստում» վերնագրով։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Շուշան Խաչատրյանը հեղինակել է  աշխատության երրորդ գլուխը՝ «Հայ երեխաների կրոնական-ազգային ինքնությունը երիտթուրքերի թիրախում (թուրքացմամբ զբաղվող որբանոցների օրինակով)» վերնագրով։

Գրքի չորրորդ և հինգերորդ գլուխների բովանդակությանը կանդրադառնանք հաջորդիվ։

Back to top button