Շուրջ 7 տարի Հայաստանում անցկացվում է «Երևանի գինու օրեր» փառատոնը։ Այն ուղղված է հայկական գինու հանրահռչակմանը, իրադարձային զբոսաշրջության ու գինու մշակույթի զարգացմանը։
Ինչպե՞ս է զարգանում գինու մշակույթը հայաստանյան միջավայրում, ի՞նչ դերակատարում ունի փառատոնը, ի՞նչ է փոխում այն առօրյա, կենցաղային կյանքում։ Գինու փառատոնը նպատակ ունի Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկայում դիրքավորել որպես գինի արտադրող, գինու մշակույթ և իրադարձային զբոսաշրջություն ունեցող երկիր, կենցաղում սովորեցնել գինի խմել և հատուկ ուշադրություն դարձնել հայկական գինուն, ճանաչել գինու որակային հատկանիշները, ճիշտ ընտրություն կատարել և համադրել ճիշտ սննդի հետ։
«Երևանի գինու օրեր» փառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 29-ից հունիսի 4-ը, որի ընթացքում կանցկացվեն գինու մշակույթի իրազեկման արշավներ, վարպետաց դասեր, մշակութային և ժամանցային ծրագրեր և այլ միջոցառումներ։
Կազմակերպիչները կարևորում են փառատոնի կրթա-մշակութային հատվածը, որը տարեց տարի ընդլայնում են նոր ծրագրերով ու համագործակցություններով։ Գինեդասեր, վարպետաց դասեր, գաստրո շոուներ, որոնք վարում են հայ և միջազգային գինեգետները, հրավիրյալ միջազգային շեֆ-խոհարարները, համագործակցություններ թանգարանների՝ Հայաստանի պետական պատկերասրահի, Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի թանգարանների հետ, որոնք կբացահայտեն գինու ներկայաությունը արվեստում։
Փառատոնի կազմակերպիչները՝ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Մերի Բադալյանը և նույն ընկերության համահիմնադիր և ստեղծագործական գծով տնօրեն Նունե Մանուկյանն ասում են՝ գինին տրամադրություն է, ու եթե ուզում ենք հասկանալ ինչպես վայելել գինին, պետք է մասնակցել գինու դասընթացներին և գաստրո շոուներին, որպեսզի ճանաչենք գինին։ Ուզում ենք, որ մեր հանրությունը գինի խմի ոչ միայն առիթից առիթ կամ երեկոյան, այլ որ գինին մարդկանց առօյայի մաս կազմի՝ նշում են կազմակերպիչները։