Մոռացված ֆիլմերի ստվերները

«Նռան գույնը» ֆիլմի երեք դատավճիռները. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը հայկական կինոյին համաշխարհային ճանաչում բերեց։ Բայց քչերին է հայտնի, որ համաշխարհային էկրաններին ներկայացվող «Նռան գույնը» ֆիլմից բացի կա այդ կինոնկարի ևս մեկ՝ նախնական տարբերակ, որի գոյության մասին գիտեն միայն մասնագիտական շրջանակում։

1995 թվականին կինոյի 100-ամյակի տարելիցին ֆրանսիացիները հարցում անցկացրեցին բազմաթիվ երկրներում՝ փորձելով պարզել թե ովքեր են բոլոր ժամանակների 20 լավագույն ռեժիսորները։ Եվ զարմանալի ոչին չկա, որ Սերգեյ Փարաջանովը տեղ գրավեց ընտրյալների այդ շարքում, որովհետև զարմանալին հենց ինքն էր՝ Փարաջանովը։

Սերգեյ  Փարաջանովին ճանաչում բերած «Նախնիների ստվերները» ֆիլմից հետո նրա հաջորդ՝ հայ միջնադարի վերջին տաղերգու Սայաթ-Նովային նվիրված ֆիլմը՝ «Նռան գույնը», նա երկու տարում 1966-68 թվականներին նկարահանեց «Հայֆիլմ» կինոստուդիայում։

Կինոգետ, արվեստաբան Սիրանույշ Գալստյանը պատմում է, որ Փարաջանովի անզուսպ վիրավորական արտահայտություններից զերծ չմնաց նաև կինոկոմիտեի նախագահը։ Այդպիսի միջադեպերից Փարաջանովի և ղեկավարության հարաբերությունները շիկացան այն աստիճան, որ նախքան ֆիլմի էկրան բարձրանալը կինոկոմիտեի նախագահի որոշմամբ ֆիլմը ներկայացվեց մտավորականության մասնակցությամբ հասարակական քննարկման։

Սիրանույշ Գալստյան

«Այդ ցուցադրությանը ներկա էին արվեստի, գրականության ոլորտի մարդիկ, և երբ ցուցադրվեց երեք ժամ տևողությամբ նախնական տարբերակը, դիտումին հաջորդած քննարկման ժամանակ հնչեցին և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ: Քննարկման ընթացքում որոշվում է, որ նախնական տարբերակը պետք է կրճատվի»,- ասում է Սիրանույշ Գալստյանը

Փարաջանովի կողմից ֆիլմը վերամոնտաժելուց և կրճատելուց հետո, 1968 թվականին Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունենում «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։ Այս ցուցադրությունից հետո Սերգեյ Փարաջանովին տհաճ անկնկալ էր սպասվում։

Անսովոր մոտեցմամբ, սիմվոլների լեզվով և խորը փիլիսոփայությամբ նկարահանված նոր ֆիլմի ելքը միջազգային էկրան արգելվեց։ «Ժողովրդին նման կինո հարկավոր չէ». միահամուռ պնդում էին պետկինոյի աշխատակիցները։ Մոսկվայում ֆիլմի շուրջ տեղի ունեցող քննարկումներից, վիճաբանություններից հետո ռեժիսոր Սերգեյ Յուտկեվիչին հանձնարարվում է վերամոնտաժել կինոնկարը։

«Բավական գեղեցիկ կադրեր դուրս մնացին ֆիլմից, որովհետև Յուտկեվիվչի տեսանկյունից դրանք անհասկանալի էին: Եվ ամենակարևորը ֆիլմը վերամոնտաժելիս նա ժամանակագրական վերադասավորում է անում: Այսօր մեզ ներկայացվող ռուսերեն ենթագրերով տարբերակը հենց Սերգեյ Յուտկեվիվչի վերամոնտաժված տարբերական է»,- նշում է Սիրանույշ Գալստյանը:

Ըստ պաշտոնական վարկածի «Նռան գույնը» ֆիլմը Յուտկևիչի վերամոնտաժումից հետո միջազգային էկրան բարձրանալու թույլտվություն ստացավ։ Սա ըստ պաշտոնական վարկածի, բայց գոյություն ունի մեկ այլ, ոչ պաշտոնական վարկած, որի մասին խորհրդային տարիներին խոսում էին շշուկով և մեծ զգուշավորությամբ։

«Հայֆիլմ» կինոստուդիայի տեխնիկական բաժնի աշխատակից Լարիսա Ստեփանյանն այսօր արդեն առանց կաշկանդվելու պատմում է այն, ինչ տարիներ շարունակ արգելված էր հանրայնացնել։

«Կաննի փառատոններից մեկի ժամանակ, երբ այնտեղ ցուցադրվում էր Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը զուգահեռ ներկայացվում էր նաև «Նռան գույնը» ֆիլմի գովազգդային հոլովակը: Դա չի վրիպում արմատներով հայ, գերմանաբնակ կինոպրոդյուսեր Սերգեյ Համբարյանի ուշադրությունից: Նա երկար տարիներ զբաղվում էր սովետական ֆիլմերի առք ու վաճառքով: Կաննի փառատոնի ավարտից հետո նա գալիս է Մոսկվա և պնդում, որ իրեն վաճառեն «Նռան գույնը» ֆիլմը: Դարակային ֆիլմ համարվող «Նռան գույնը» ֆիլմին ետին ամսաթվով, շատ արագ շնորհում են որոշակի կարգ, ինչը նշանակում էր, որ ֆիլմը պետք է տիրաժավորվեր և  համամիութենական էկրան բարձրանար: Այդպիսով Սերգեյ Համբարյանի համառ ջանքերի շնորհիվ «Նռան գույնը» փրկվում է անհեռանկար ճակատագրից և ներկայացվում համաշխարհային էկրաններին»,- տարիներ անց այսպես է ներկայացնում «Նռան գույնը» ֆիլմի հանրայնացման պատմությունը Լարիսա Ստեփանյանը:

Սերգեյ Փարաջանովի տաղանդի, երևակայության, յուրահատուկ պատմելաոճի արդյունքում ստեղծված «Նռան գույնը» ֆիլմի երկու տարբերակներից այսօր առավել հաճախ ցուցադրվում է Յուտկևիչի վերամոնտաժած տարբերակը։

Իսկ ֆիլմի առաջին մոնտաժային տարբերակը  պահպանվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի արխիվում և սպասում իր թվայնացմանը։ Ավելի քան հիսուն տարի առաջ նկարահանված այս տարբերակը իր գոյությամբ վկայում է խորհրդանշական լեզվով Սայաթ-Նովայի և  Հայաստանի մասին պատմող տաղանդավոր արվեստագետի ֆիլմի գրաքննության տխուր պատմությունը։
Խորհրդային երկաթե վարագույրը արգելապատնեշ էր ամենայն առաջադեմի համար։

Back to top button