Դպրություն

Մրցունակ ուսանողների ակումբը՝ ԱՄՆ համալսարաններ և քոլեջներ դիմելու հնարավորություն․ «Դպրություն»

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին:

Կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ և համալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար: Հայաստանում կենտրոնի գործունեությունը համակարգվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

«Մենք առաջարկում ենք նաև խմբային խորհրդատվական մեր ծրագիրը, որը կոչվում է «Մրցունակ ուսանողների ակումբ»։ Սա 10 ամսյա խորհրդատվական ծրագիր է, որի ընթացքում սաները ստանում են անհատական խորհրդատվություն՝ ինչպես ճիշտ ընտրել արտասահմանյան բուհ–երը, ինչպիսի բուհ–եր դիմել, եթե ունեն կրթաթոշակի կարիք, ինչ քննություններ հանձնել, որոնք են վերջնաժամկետները, ինչ պայմաններ ունեն բուհ–երը։ Այս բոլորը իրականացվում է քայլ առ քայլ՝ ուսանողների հետ, ինչպես նաև խմբային հանդիպումների, այնպես էլ՝ անհատական դասընթացների ընթացքում», – ասում է EducationUSA հայաստանյան գրասենյակի ղեկավար և կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը։

«Ես ընդունվեցի Կոլումբիայի համալսարան՝ ամբողջական կրթաթոշակով, ծրագրավորում և ինժեներիա մասնագիտությամբ։ Եվ այս տարվա բոլոր դիմորդներին խորհուրդ կտամ, որ մաքսիմալ կերպով օգտվեն բոլոր հնարավորություններից ու չթերանան ոչ մի հարցում։ Պետք է անընդհատ օգտվել անհատական խորհրդատվություններից, բոլոր վեբինարներից, որոնք մեր խորհրդատուն և թիմը կազմակերպում են ուսանողների համար», – ասում է EducationUSA գրասենյակի սան, խորհրդատուի օգնական Էդվարդ Թովմասյանը։

«Ընկերներիցս լավ արձագանքներ լսելով Մրցունակ ուսանողների ակումբի մասին, որոշեցի դիմել և իրականում՝ դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումներց մեկն էր։ CCC- ի օգնությամբ ես կարողացա ընդունվել իմ երազած համալսարանները, բայց որոշեցի գնալ Փենսիլվանիյաի համալսարան։ Ընդունվել եմ քաղաքագիտության մասնագիտությամբ, ամբողջական կրթաթոշակով», – պատմում է EducationUSA գրասենյակի սան Գևորգ Ղազարյանը։

«Ընտանիքիս անդամներից իմացա CCC ծրագրի մասին։ Փորձեցի և ընդունվեցի։ Ու այդ ժամանակ միայն հասկացա, թե ինչ մեծ ներուժ ունեմ։ Երբ ինքս դիտարկում և համեմատում եմ ինձ ծրագրի սկզբում և ավարտին, հասկանում եմ, որ ես շատ մեծ հաղորդակցման ունակություններ եմ զարգացրել ինձ մոտ։ Ինձ հաջողվեց ընդունվել Հարվարդի համալսարան՝ ամբողջական կրթաթոշակով», – ասում է EducationUSA գրասենյակի սան Արամ Բաղդասարյանը։

Back to top button