

Ջազային կոմպոզիտոր և դաշնակահար Լյուսի Խանյանը ամենաակտիվ և բեղուն ստեղծագործող-կատորողներից է, ով մեծ հաճախականությամբ և ամենատարբեր ձևաչափերով անակնկալներ է մատուցում երաժշտասեր հասարակությանը:
Տարիներ առաջ նա հայրենադարձվել է Միացյալ Նահանգներից և տարբեր երաժշտական կազմերի նախագծերով համերգներ է ունենում երևանյան ակումբներում և համերգային բեմերում:
Ֆյուժն երաժշտությունը, որի ամենավառ ներկայացուցիչն է կոմպոզիտորը, այն ոլորտն է, որը թույլ է տալիս ցանկացած «ներթափանցում» և միախառնություն՝ երաժշտական ձևի, ամենատարբեր նվագարանների կիրառմամբ, թե արտասովոր կազմերի համադրությամբ:
«Երաժշտության մեջ առաջնորդվում եմ այն ընթացքով, որը ստեղծում է որոշակի գեղագիտություն՝ լինի ստեղծագործության մեջ, թե այն ժամանակ, երբ մշակում եմ հանրաճանաչ նյութը, ինձ հետաքրքիր է որոնումը, էքսպերիմենտը»,-ասում է Լյուսի Խանյանը:
Եվ ահա վերջին շրջանում երաժշտի կողմից ներկայացված երեք տարբեր մոտեցումների և նախագծերի մասին է, որ առիթ է ընձեռվել զրուցելու «Երաժշտական եռանկյունու» տաղավարում:
Առաջինը վերաբերվում է ստուդիական երաժշտության ոլորտին և ներկայացված է էլեկտրոակուստիկ երաժշտական լուծումներով:
Սա այն աշխատանքն է, որը երաժիշտը կատարում է իր անձնական ստուդիայում, և ներկայացնում է կոմպոզիտորի մտորումները և փորձարարությունը՝ ակուստիկ և էլեկտրոնային հնչյունների համադրությամբ:
Երկրորդ նախագիծը ներկայացված է Կոմիտասի եղանակների մշակումներով, և այստեղ ջազային լուծումների հետ հավասար ներկա են ազգային նվագարանների հնչյունները:
Հետաքրքիր է, որ երաժիշտների կազմում ընդգրկված են բացառապես կանայք, իսկ նվագարանները՝ ուդից մինչև քանոն, ներկայացված են հայկական և արևելյան գործիքներով:
Աշխատանքն այս կազմի հետ ունի երկու դրսևորում՝ մեկը համերգային, երկրորդը՝ ստուդիական, ինչի արդյունքն է «Ապսենտիա» ալբոմ-ձայնասկավառակը:
Առավել հետաքրքիր է Լյուսի Խանյանի համագործակցությունը հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի և նրա ղեկավար, դաշնակահար, կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանի հետ:
Համարձակությունը, որ ցուցաբերեցին երաժիշտները՝ համադրելով, թվում է թե, անհամադրելին, փաստացի փայլուն արդյունք տվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգի տեսքով:
Սովորաբար տասնամյակների պատմություն և փորձառություն ունեցող հայկական ակադեմիական կոլեկտիվները մեծ դժվարությամբ են գնում ժամանակակից ժանրերը ներկայացնող երաժիշտների հետ համագործակցության, Սեդրակ Երկանյանի և Լյուսի Խանյանի համատեղ ստեղծագործական աշխատանքն ու ընթացքը կարող են օրինակ ծառայել շատ և շատ ավանդական և ակադեմիական կոլեկտիվների համար՝ դռներ բացելով նոր ժանրային լուծումների և մոտեցումների առաջ:
Հաղորդման ընթացքում հնչում են Լյուսի Խանյանի էլեկտրոակուստիկ ստեղծագործությունները՝ Կոմիտասի մշակումների, «Ապսենտիա» ձայնասկավառակի և «Տաղարան» համույթի հետ համատեղ համերգային կատարումներից ձայնագրություննրով: