Վերնատուն

Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը․ «Վերնատուն»

Գրականության հանրահռչակում, ընթերցանության խթանում. Գրքի երևանյան միջազգային փառատոնի նպատակները նույնն են։ Այս տարի այն անցկացվելու է 6–րդ անգամ, մայիսի 25–27–ը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում։

Ինչո՞վ է այն այս տարի առանձնանում, ի՞նչ նոր համագործակցություններ ունի փառատոնը և ի՞նչ անակնակալներ են սպասվում ընթեցասերներին։ Մեկնաբանում է ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ, խմբագիր Արմեն Սարգսյանը։

«Այս տարի գրքի երևանյան փառատոնը պաշտոնապես միջազգային համարում ունի, քանի որ այս տարվանից միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Վերսոպոլիս» հարթակին, որը նախևառաջ աշխարհի պոետներին միավորող հարթակ է», – ասում է ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ, խմբագիր Արմեն Սարգսյանը։

Ասում է՝ այն արդյունքները, որ այսօր գրանցել ենք, երազանք էին 2017 թվականին, երբ հիմնվեց Գրքի երևանյան փառատոնը։ Այցելուներին և ընթերցողներին այս տարի սպասում է շուրջ 25 գրական միջոցառում՝ գրքի շնորհանդեսներ, բանախոսություններ, վարպետաց դասեր, հանդիպումներ՝ տարբեր երկրներից ժամանած գրողների հետ։

«Նպատակները նույնն են՝ ընթերցանության խթանում, գրականության հանրահռչակում, մշակույթի տեղեկատվության հասանելիության ապահովում, ստեղծագործողների ստեղծագործական կարողության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծում, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցություն։ Սրանք հրատարակչական ոլորտի ռազմավարության համար կարևոր թիրախային ուղղություններ են, որոնք պետք է զարգացնել», – ասում է Արմեն Սարգսյանը։

Back to top button