Հայագիտակ

Նկարիչ Հակոբ Հակոբյանի երազանքը հայրենիք վերադառնալն էր․ «Հայագիտակ»

Նկարիչ Հակոբ Հակոբյանը ծնվեց Եգիպտոսում, կրթություն ստացավ Կիպրոսում, Փարիզում, բայց նրա աչքը միշտ Հայաստանի ճանապարհին էր։ Երազում էր ապրել հայրենիքում։

Արվեստաբան Մարգարիտա Խաչատրյանը պատմում է. «1962 թվականին նա արդեն իսկ որպես կայացած նկարիչ է վերադառնում Հայաստան։ Մի փոքր հակասության մեջ է հայտնվում, թեպետ ձնհալի տարիներն էին»։

Հակոբյանը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ծնվեցին նրա կտավները` բնանկարները։ Նրա սիրած գույները` դեղինը, օխրան, սպիտակը մնացին նույնը, բայց թեմատիկան փոխվեց։

Ֆրանսիական շրջանում նրա կտավներում հերոսների մոտ գերիշխում էին հուսահատությունը, տխրությունը, անելանելի վիճակը։ Հայաստանում նա ավելի շատ սկսեց պատկերել բնանկարներ, նատյումորտներ, առանց փոխելու իրեն բնորոշ երանգապնակը։

Մի առիթով նկարիչն ասել է. «Ես Սարյանի նման վառվռուն գույներ չունեմ, Մինասի նման կարմիր, իմը օխրան է, սպիտակը, սևը։ Ես չեմ կարող ուրիշ գույներ նկարել։ Դա կեղծ կլինի»։

Նկարիչն արժանացել է Պետական մրցանակի, Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, Հայ եկեղեցու ս.Սահակ-ս.Մեսրոպ շքանշանի, ՀՀ նախագահի մրցանակի և այլն։ Այս տարի նրա ծննդյան 100-ամյակն է։

Back to top button