Երաժշտական եռանկյունի

Գևորգ Աճեմյան-100․ «Երաժշտական եռանկյունի»

Հայկական ակադեմիական երաժշտությունը հարուստ է նվիրյալներով: Հայ ջութակահար և մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գևորգ Աճեմյանի ավանդը հայկական կատարողական արվեստում և կրթության բնագավառում անգնահատելի է:

Երաժշտասեր հասարակությունն այս տարվա մարտի 5-ին նշեց անվանի երաժիշտի 100-ամյա հոբելյանը:

«Գևորգ Աճեմյանը ծնվել է պարսկահպատակների ընտանիքում և չնայած սկզբնական երաժշտական կրթությունը ստանալու արդյունքում հասել է  կատարողական արվեստի բարձր որակի, սակայն գալով Երևան՝ պարտք է համարել ընդունվել Կոնսերվատորիա: Հետաքրքիր է, որ ջութակի քննությունը ընդունող հանձնաժողովը տեսնելով երաժշտի պատրաստվածությունը՝ նկատում է, որ երաժիշտը կարող էր իր գիտելիքներով ոչ թե ընդունվել, ավարտել Կոնսերվատորիան,  բայց Գևորգ Աճեմյանը նախընտրում է շարունակել ուսումը Կոնսերվատորիայում, որը փայլուն ավարտում է 1951թ.-ին: Այնուհետև, նույն տարեթվին անցնում է աշխատանքի Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, որտեղ աշխատում է մինչև 1998 թվականը»,- ասում է մեծ երաժշտի դուստր, դանակահարուհի Աննա Աճեմյանը:

Հենց դպրոցում աշխատելու առաջին իսկ տարիներին նա կազմակերպում է պատանի ջութակահարների անսամբլ, որը հետագայում  հիմք է հանդիսանում 1970 թվականին կազմավորելու ՀՀ հեռուստառադիոյի Ջութակահարների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը դառնում է ինքը՝ Գևորգ Աճեմյանը:

Այստեղ հարկ է նշել հսկայածավալ աշխատանքը, որը կատարել է երաժիշտը՝ վերամշակելով բազմաթիվ արևմտաեվրոպական և հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններ, քանի որ Ջութակահարների անսամբլը ուներ առանձնահատկություններ, որոնց իմացությունը միայն թույլ կտար գրագետ կերպով ադապտացնել սիմֆոնիկ կամ կամերային երաժշտությունը՝ հատուկ այդ կազմի համար:

Հատկանշական է, որ 1997 թվականից անսամբլը փոխում է կարգավիճակը՝ դառնալով Հայաստանի ազգային ռադիոյի ջութակահարների անսամբլ: Այդ տարիներին կատարվում են հսկայական քանակի ձայնագրություններ, որոնք  լրացնում են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդը:

Դեռևս խորհրդային շրջանում Ջութակահրների անսամբլի ձևաչափը եզակիներից էր, որը ընդօրինակվում է մի շարք  հանրապետությունների կողմից: Այս ամենը ծառայում է հայկական կատարողական արվեստի հանրառչակմանն ու փառքին: Բացի դասական կոմպոզիտորներից՝ Հենդել, Բախ, Վիվալդի, մշակվում են ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Սերգեյ Պրոկոֆև, Դմիտրի Շոստակովիչ, հատուկ ուշադրություն է դարձվում հայ կոմպոզիտորական դպրոցի դասականներին՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան:

Անսամբլը բազում շրջագայություններ է ունենում, 1971 և 1978 թթ. «Մելոդիա» ֆիրմայի կողմից թողարկվում են ձայնասկավառակներ: Երրորդ բնագավառը, ուր մեծ ավանդ ունի Գևորգ Աճեմյանը, դա մանկավարժությունն է:

Նա դաստիարակել է ջութակահարների մի քանի սերունդների՝ փոխանցելով իր հսկայական փորձը, խորը գիտելիքները և վարպետության հմտությունները: Վերջիններս էլ վառ են պահում  համեստության, արհեստավարժության և երաժշտությանը անսահման նվիրումի վառ օրինակ իրենց ուսուցչի հիշատակը:

Հաղոդման ընթացքում հնչում են Ջութակահարների անսամբլի արդեն պատմական դարձած ձայնագրությունները՝ հանրային ռադիոյի ֆոնդից:

Back to top button