

«Ասպրամ»․ այսպես է վերնագրել իր հերթական գիրքը ռուսաստանաբնակ գրող, արձակագիր Գայանե Փայտյանը։ Գիրքը իրար է կապում մոտ 1000 տարվա հեռավորությամբ ապրած երկու կանանց` երկու Ասպրամներին։
Դրանցից մեկին մենք գիտենք հայոց պատմավեպերից` Աշոտ Երկաթի սիրեցյալ Ասպրամը։ Մյուսը` 20-րդ դարում ապրած հայուհի է։ Ի՞նչն է միացնում ու ի՞նչն է բաժանում հայուհիներին 1000 տարվա հեռավորության մեջ։
Գայանե Փայտյանը նշում է, որ այսօր հայ կինը շատ է փոխվել։ «Փոխվել են հայացքները, վերաբերմունքը տարբեր երևույթներին և այլն։ Սա վերաբերում է թե հայաստանցի, թե այլ երկրներում ապրող հայ կանանց»։


Իսկ ո՞րն է 21-րդ դարի հայ կնոջ դերը՝ պատասխանում է․
«Հայ կինը, ի դեմս Ասպրամների, պետք է լինի պայքարող, գործունյա և հայրենիքասեր։ Պատմությունը ապացուցել է, որ երբ կանայք միավորել են իրենց ուժերը և կանգնել տղամարդու կողքին, հաղթանակներ ենք ունեցել։ Իմ հերոսուհին՝ Ասպրամը, շատ դժվարությունների միջով է անցնում, հաղթահարում դրանք ու վերջնում լույսը տեսնում։ Գրքի պատգամը հետևյալն է․ ապրել ու ապրեցնել, պայքարել ու լուսավերին ձգտել»,- նշում է արձակագիր Գայանե Փայտյանը։
Այսօր արձակագիրն աշխատում է երկու նոր աշխատությունների վրա։ Դրանցից մեկը վեպ է, որի գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո։
«Այնտեղ կա կյանք, կյանքի մեջ պատերազմ, պատերազմի մեջ կյանք»,- ասում է հեղինակը։ Ինչ վերաբերում է «Ասպրամին», ապա հեղինակն այն թարգմանելու ցանկություն ունի։