Վերնատուն

«Բարև, ես եմ» ֆիլմը՝ «Կաննի դասականներ» ծրագրում․ «Վերնատուն»

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Կաննի դասականներ» ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն աասում է, որ Կաննի փառատոնի հետ բանակցությունները սկսվել են մեկ տարի առաջ և մրցութային փուլը հաղթահարելուց հետո, ֆիլմն առաջին անգամ ներկայացվելու է ամբողջական և վերականգնված տարբերակով։

«Կաննի դասականներ» ծրագրի մրցութային փուլը հաղթահարած ֆիլմերը համաշխարհային նշանակություն ունեցող դասական ֆիլմեր են», – ասում է Ազգային կինոկենտրոնի Ժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է այս ֆիլմի արժեքը ոչ միայն հայկական, այլ ընդհանրապես համաշխարհային կինոյի համատեքստում։ Կաննում հայտնվելն արդեն ձեռքբերում է և յուրաքանչյուր մասնակցություն մեզ համար ունի քաղաքական նշանակություն»։

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն 1966 թվականին ընդգրկվել է Կաննի մրցույթային ծրագրում՝ ներկայացնելով Խորհրդային Միությունը։

«Մենք ֆիլմը «փաթեթավորել» ենք ոչ միայն որպես հայ կինոյի գլուխգործոց, այլ հենց մոդեռնիստական կինոյի կարևորագույն գործ։ Այս ֆիլմը նկարահանվել է այն ժամանակ, երբ կար Հայաստանի, Խորհրդային Միության ու արևմուտքի հետ որոշակի երկխոսություն, կային որոշակի մշակութային փոխառնչություններ, և ֆիլմում միանշանակորեն դա արտահայտված է։ Եվ ֆիլմի ստեղծողները ոչ միայն լավ գիտեն տվյալ ժամանակի արևմտյան կինոն, այլև երկխոսության մեջ են դրա հետ», – ասում է Վիգեն Գալստյանը։

«Սա կարևոր մուտք է մեզ համար։ Ամեն տեղ, այո, մենք պիտի ասենք, որ մենք կանք։ Մենք նախևառաջ ներկայանում ենք փառատոնին կից Կինոշուկային, որը կարևոր և պրոդուկտիվ աշխատելու հարթակ է, որտեղ կապեր են ստեղծվում ու թարմացվում հին կապերը», – ասում է Շուշանիկ Միրզախանյանը։

Back to top button