Ժամանակի վկան

Դադիվանքի հայկականությունն անժխտելի է․ Լուսինե Զաքարյան․ «Ժամանակի վկան»

Արդեն երկրորդ տարին է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-֊ի, «Թաթուլ Կրպեյան Խաղաղություն» հիմնադրամի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ ջանքերով տեղի է ունենում Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիքի» շքանշանակիր Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես գիտաժողովի հանդիսավոր մասը մեկնարկեց հերոսի ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին՝ Թաթուլ Կրպեյանի անվան Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող զբոսայգում տեղադրված նրա հուշարձանի մոտ։ Գիտաժողովի գիտական բաժինը տեղի ունեցավ ԵՊՀ Թաթուլ Կրպեյանի անվան լսարանում, որտեղ տեղադրված է նրա կիսանդրին։

Գիտաժողովին մասնակցած և զեկուցումներով հանդես եկած փորձառու և երիտասարդ գիտնականներին շնորհվեցին հավաստագրեր։

Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովի 2023 թ․ նստաշրջանի երկրորդ բաժինը պանելային քննարկումն էր՝ «Արցախը շրջափակման մեջ» խորագրով։ Պանելային քննարկման համակարգողներն էին՝ պ․գ․թ․ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և բ․գ․թ․ Թամարա Մինասյանը։

Գիտաժողովի կազմակերպիչների նպատակն է ապագայում ավելի ընդլայնել մասնակիցների աշխարհագրությունը, երիտասարդ գիտնականների համար ավելի գրավիչ դարձնել և նրանց մղել գիտությամբ զբաղվելու։

Խրախուսել երիտասարդությանը գիտությամբ զբաղվելու մեր օրերում, երբ գիտնականները հասարակության ցածր վարձատրվող շերտերից են, գիտությունը արժեզրկելու ուղղությամբ արդեն քանի տարի աշխատում են որոշակի կառույցներ, նաև բարձր մակարդակով, այնքան էլ հեշտ լուծելի հարց չէ, բայց գիտաժողովի կարևոր նշանակետերից է։   

Գիտաժողովի զեկուցողներից էր նաև երիտասարդ պատմաբան, ԵՊՀ Հարակից երկրների պատմության ամբիոնի մագիստրոս, պատմության ուսուցչուհի Լուսինե Զաքարյանը։ Նրա զեկուցման թեման էր․ «Ադրբեջանական կեղծարարությունը Դադիվանքի պատկանելության խնդրի շուրջ»։

Լուսինե Զաքարյանի հետ միասին ներկայացնում ենք Դադիվանքի պատկանելության խնդրով ադրբեջանական թեզերի սնանկությունը։

Back to top button