Էկոսֆերա

Արցախից ահազանում են՝ կանգնած ենք Սարսանգի ջրային պաշարների սպառման վտանգի առջև․ «Էկոսֆերա»

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ։

Նա հրապարակել է Սարսանգի ջրամբարի արբանյակային լուսանկարները՝ 2023 թվականի հունվարի 1-ի և ապրիլի 28-ի դրությամբ՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 705.8 և 671.5 մետր բարձրությամբ մակերևույթով։

Ներսիսյանը, մասնավորապես, ասել է․ «Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզորության շուրջ 70 տոկոսը: Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման խափանումը Արցախի ներքին արտադրանքը բավարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա հունվարի 9-ից բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով Արցախի կառավարությունը ստիպված է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ։

Արդյունքում, ի հայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար և կենցաղային դժվարություններ, այլև լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նվազագույն ծավալի արտադրությունն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա տեղումների պակասով: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³»։

ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Արարատ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրամբարը տեղումների սակավության պատճառով չի լցվում, ինչի հետևանքով էներգետիկ ոլորտում լրջագույն խնդիրներ են սպասվում։ Ինչ վերաբերում է ոռոգմանն, ապա Սարսանգից ոռոգում չի իրկանացվում, սակայն եթե առաջիկա ամիսներին տեղումներ չլինեն, ապա ամռան ընթացքում իրավիճակն էլ ավելի բարդ է լինելու։

Back to top button