Սփյուռքի ձայնը

Սփյուռքի հայ երիտասարդների մեծամասնությունն ուզում է գալ Հայաստան․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքահայ երիտասարդ կամավորները Հայաստանում ունեն մեծ հնարավորություններ՝ գործ հիմնելու, լեզուն սովորելու, նաև ապագայի մասին մտածելու համար։

Այդ բոլոր հնարավորությունները նաև այսօր տալիս է հայրենադարձության նպատակային ծրագրերից մեկը՝ «Դեպի Հայքը»։

Ռուսաստանից Ռուբեն Այվազյանը իրավաբան է, աշխատել է ռուսական հարկային ոլորտում։ Հայաստան է եկել մի քանի ամիս առաջ։

«Մի քանի ամիս առաջ եկա Հայաստան և որոշեցի մնալ այստեղ։ Իսկ հայկական միջավայրին, աշխատավայրերին ու լեզվին ավելի լավ ծանոթանալու համար դիմեցի «Դեպի Հայք»-ին։ Հայաստանում աշխատանքային միջավայրը ավելի է ինձ դուր գալիս։ Նախ, որ քո հայրենիքում ես, հետո նաև մարդիկ ավելի բաց են ու անկեղծ»,- ասում է Ռուբենը։

Ինչ վերաբերում է հարկային ոլորտում իր գործունեությանը, նշում է, որ հայկականին դեռևս շատ ծանոթ չէ, սակայն ռուսական միջավայրից ստացած փորձը կարող է նրան թույլ տալ աշխատել նաև հայրենիքում։

Զառա Ռաթևոսյանը Նիդեռլանդներից է, մասնագիտությամբ, ինչպես ինքն է ասում, առողջություն և սնունդ ոլորտի մասնագետ։ Զառան կամավոր է «Վիգմոր» կլինիկայում, ուսումնասիրություններ է անում։

«Պատրաստում եմ փոքրիկ ուղեցույց, որով հնարավոր կլինի զանազանել առողջարարն ու անառողջը, օգտակարն ու վտանգավորը»,- ասում է նա։

Զառան նշում է, որ օրինակ, Նիդեռլանդներում շատ են հետևում առողջ ապրելակերպին։ Հայաստանում դրան խանգարում են թե սոցիալական խնդիրները, թե ինֆորմացիայի պակասը։
«Հայաստանում ապրելու որակին խանգարում են նաև սթրեսները, որոնք շրջանցելը բարդ է»,- շեշտում է մեր հայրենակիցը։

Խոսելով Սփյուռքում երիտասարդ հայերի մասին` զրուցակիցներս նշում են, որ իրենց շրջապատող տարեկիցները թե մտածում են Հայաստանի մասին, թե ապրում են Հայաստանով ու նաև պատրաստ են այստեղ ապրել։

Back to top button