Երաժշտական եռանկյունի

«Իլեվն գրին»․ հայկական «ինդի» նախագիծ․ «Երաժշտական եռանկյունի»

«Ինդի» կամ ինդիփենդենթ երաժշտությունը համարվում է երաժշտական անդեր գրաունդի, թարգմանաբար՝ ընդհատակի ամենավառ դրսևորումը:

Ալտերնատիվ երևույթները ժամանակակից երաժշտության մեջ հաճախ ձևավորվում են նեղ տարածքներում, ակումբներում, մասնավոր ստուդիաներում, քոլեջներում և համալսարաններում, ունեն բավականին մեծ լսարան, և բազմաթիվ են օրինակները, երբ «ինդի» կատարողները և խմբերը հասել են համաշխարհային ճանաչման:

Այսօր կարելի է ասել, որ 20-րդ դարում ձևավորված այդ հոսանքը ներթափանցել է 21-րդ դարի երիտասարդական մշակույթի մեջ և ձևավորել է որոշակի գեղագիտական տարածաչափություն՝ իր օրենքներով, արտաքին կերպարով և յուրահատուկ երաժշտական դրսևորումներով:

Այստեղ համատեղված են տեքստային ուղերձը, էլեկտրոնային երաժշտությունը, դիջեյական մոտեցումները և գործիքային ներգործությունները: Նման համատեքստում է գործում «Իլեվն գրին» դուետը՝ Խորեն Միքայելյան՝ կիթառ և Նարե Միկոյանը՝ վոկալ:

«Հիմնականում ես եմ գրում տեքստերը և հորինում երաժշտությունը, Խորենը ավելի շատ զբաղվում է գործիքավորման և ձայնագրման խնդիրներով: Մենք հիմնականում ստեղծագործում ենք անգլերեն, բայց վերջերս նաև հայերեն տեքստեր ենք ստեղծում: Փորձեցինք մեր անդրանիկ ձայնասկավառակում ընդգրկել վերջին երկու տարիների ընթացքում գրված ստեղծագործությունները»,-ասում է Նարե Միկոյանը:

Դուետը շատ է շրջագայում Հայաստանից դուրս, ունեցել է մի քանի եվրոպական տուրեր և ակումբային «ինդի» երաժշտության սիրահարների շրջանակում հայտնի է և սիրված: Մասնակցել են մի քանի միջազգային փառատոների, և ահա շաբաթներ առաջ երևանյան «Բաբելոն» թատրոնում կայացավ նրանց անդրանիկ ալբոմի շնորհանդեսը:

Հետաքրքիր է նաև այն համերգային ձևաչափը, որ նախընտրում են երաժիշտները՝ բեմում երկու հոգի են՝ երգչուհին և կիթառահարը, իսկ հիմնական գործիքավորումը հնչում է դինամիկներից, հատուկ լուսավորությունը և բեմի ձևավորումը թելադրում է որոշակի մթնոլորտ, ուր յուրաքանչյուր դետալ թե՜ տարածքի ձևավորման առումով, թե՜ նույնիսկ ներկաների հանդերձանքի, համատեքստքային է:

«Մենք փորձում ենք նոր մշակույթ բերել և նոր մոտեցում ձևավորել մեր երաժշտության նկատմամբ, քանի որ ասելիք ունենք և փորձում ենք ստեղծել ուրույն հնչողություն, ուր տեքստի ուղերձը, երաժշտության դինամիկան և ռիթմը հաղորդվում է հանդիսատեսին և անմիջապես արձագանք ստանում»,-ասում է Խորեն Միքայելյանը:

Հայկական ժամանակակից երաժշտությունը բազմազան և տարաբնույթ է, այստեղ տեղ են գտնում գրեթե բոլոր դրսևորումները՝ ակադեմիականից, ժողովրդականից, էստրադայինից և ռաբիսից մինչև ջազ, ռոք և, իհարկե, անկախ՝ «ինդի» երաժշտական տեսակը, որ գալիս է լրացնելու ընդհանուր պատկերը և հետաքրքիր է որպես ուրույն երևույթ՝ մեր երաժշտական իրականության մեջ:

Հաղորդման ընթացքում առաջին անգամ Հանրային ռադիոյի եթերում հնչում են ստեղծագործություններ «Իլեվն գրին» դուետի անդրանիկ ձայնասկավառակից:

Back to top button